Կյանքը շատ խիստ ուսուցիչ է իմ պարագայում, բայց ես երևի վատ աշակերտ եմ. բլից հարցազրույց Ելիզավետա Դանիելյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։
Փոքր ժամանակ դո՞ւք էլ եք երազել բժիշկ դառնալ։ -Մանկապարտեզային երազանքներս չեմ հիշում, բայց դպրոցական տարիքից երազել եմ իրավաբան դառնալ: 8-րդ դասարանի ավարտական քննությունների շարադրության մեջ գրել էի, որ ուզում եմ դառնալ իրավաբան և աշխատել անչափահասների հետ:
Տուն-տունիկ, ցատկապարան, յոթքար, հալամուլա...ինչ էիք խաղում։
-Տուն-տունիկ խաղացել եմ:
Դպրոցում գնահատականի համար լացե՞լ եք։
-Գնահատականի համար լաց չեմ եղել, բայց մեկ անգամ դպրոցում անարդար վերաբերմունքից խիստ հուզվել էի:
Երկրպագուներ։ Իսկական տղամարդու ձեր սահմանումը։
-Իմ պատկերացմամբ՝ տղամարդը պետք է լինի ազնիվ և այնքան ուժեղ, որ պաշտպանի սիրելիին:
Ամենամեծ ձախողումը կամ պարտությունը։
-Կյանքը նման է զեբրի` սև ու սպիտակ բծերը հաջորդում են միմյանց: Մտերիմներիս դավաճանությունը իմ ամենամեծ և ձախողումն է և պարտությունը:
Խոհանոցում ի՞նչ եք սիրում պատրաստել։
-Խոհանոցում սիրում եմ պատրաստել գրեթե ամեն ինչ, հատկապես աղցաններ:
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ...։
-Դեպրեսիա հաղթահարելու լավագույն միջոցը ընկերուհիներս են, հատկապես եթե անհրաժեշտ է նրանց դեպրեսիայից հանել:
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Ամենամեծ նվերս` բալիկներս են:
Նախընտրելի բրենդներ։
-Ոչ ժամանակ ունեմ, ոչ տրամադրություն բրենդերին հետևելու: Նախընտրում եմ պարզությունն ու հարմարավետությունը:
Կաշառք տվե՞լ եք որեւէ մեկին։ Իսկ ձեզ տվե՞լ, առաջարկե՞լ են։
-Կաշառք չեմ տվել, թեև լավությունը միշտ գնահատում եմ: Հնարավորինս ձգտում եմ դատավորի անունը մաքուր պահել, զերծ մնալ ցանկացած ազդեցություններից, էլ ուր մնաց` կաշառք վերցնելուց: Առաջարկներ էլ չեն լինում, երևի գիտեն, որ անօգուտ են:
Ընկերուհիներ ունե՞ք։
-Բազմաթիվ ընկերուհիներ ունեմ, դպրոցական տարիքից մինչ օրս որևէ ընկերուհուս չեմ կորցրել:
Ռոմանտիկ ընթրիք։
-Ռոմանտիկ ընթրիքի վայրն ու ձևաչափը կարևոր չեն, միայն սիրելիի հետ լինի:
Օրվա հարցը՝ ի՞նչ հագնել...։
-Միշտ հարմարավետ կոստյում:
Ինչը՞ կարող է ձեզ երջանկացնել։
-Ինձ կարող է երջանկացնել միայն հավատարմությունը և երեխաներիս հաջողությունները:
Ի՞նչ չեք կարողանում պատրաստել։
-Չեմ կարող պատրաստել կաթնով:
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսուհուն եք նմանեցնում։
-Կինոյի հերուսուհիներից ոչ մեկին կոնկրետ չեմ նմանեցնում, թեև կան մի քանի կերպարներ, որոնցից որոշ գծեր նաև իմ մեջ կան: Օրինակ, Ագաթա Քրիստիի հերոսուհիների, կամ այլ դետեկտիվ կանանց նման ինձ դժվար է խաբել:
Կյանքի դասեր։
-Կյանքը շատ խիստ ուսուցիչ է իմ պարագայում, բայց ես երևի վատ աշակերտ եմ, քանի որ նույն սխալը մի քանի անգամ կարող եմ կրկնել:
Բամբասանք ձեր մասին։
-Բամբասանքներն իմ կյանքի ուղեկիցներն են, քանի որ մարդիկ նախանձ են և անշնորհակալ:
Ինչի՞ համար եք զղջում։
-Թուլություններիս համար զղջում եմ: Եվ սխալներիս:
Ո՞ւմ եք սիրում։
-Սիրում եմ Տիրոջը, բալիկներիս, ընկերներիս և հարազատներիս: Սիրում եմ ուսանողներիս: Մարդկանց եմ սիրում:
Ու՞մից եք դժգոհ։
-Չարախոսներից եմ դժգոհ:
Երբ զայրանում եք եւ զարմանում եք։
-Երբ զայրանում եմ կարող եմ չխնայել դիմացինիս: Եթե զարմանում եմ մի լավ բանից, ապա երջանկանում եմ: Իսկ վատով ինձ արդեն չես զարմացնի:
Համարձակ որոշում։
-Դատավորի աշխատանքի հիմնական բաղադրիչը` համարձակ որոշումներ կայացնելն է, հատկապես Վճռաբեկ դատարանում:
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Չարագործի դեր երբևէ չէի խաղա:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հիասթափվում եմ ստից, հուսահատվում եմ անարդարությունից, բայց նորից վերալիցքավորվում եմ հավատքով, ներում եմ ինքս և ներում եմ հայցում:
Վեթինգի՞ց եք վախենում, թե՞ անցումային արդարադատությունից...։
-Վեթինգից և անցումային արդարադատությունից չեմ վախենում, յուրաքանչյուրը պատասխանատու է իր ապրածի համար: Միայն թե շատ եմ կարևորում օրինականությունն և օբյեկտիվությունը այդ գործընթացներում:
Հավատո՞ւմ եք...։
-Հավատում եմ Աստծո արդարադատությանը և գթասրտությանը: Եվ բումարանգի սկզբունքին:
Հոգսեր։
-Հոգսերն ուղղակի անթվարկելի են, կարևորը ուժ ունենանք դիմադրելու:
Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված, օրինակ՝ պատուհանից կփորձեք մտնել կաբինետ, եթե դռները փակ լինեն։
-Խենթություններն ընդունում եմ և դրանց ընդունակ եմ միայն անձնական հարաբերություններում, ընկերներիս հետ կատակներում: Աշխատանքում հնարավորինս օրինապաշտ եմ:
Ընտանիքը։
--Ընտանիքը մարդու հիմնական հենարանն է: Երջանիկ է նա, որ երջանիկ է իր ընտանիքում: Երեխաներս իմ լավագույն բժիշկներն են:
Ի՞նչ է դատավորի պաշտոնը Ձեզ համար, որ դեպքում հրաժարական կտաք եւ ինչու..։ -Դատավորի պաշտոնը կյանքիս կարևոր բաղադրիչն է, խոսքով եք ասում ` 29 տարի… Հրաժարական կտամ, եթե իրականում պետք չլինեն գիտելիքներս, փորձս և մարդկային հատկանիշներս:
Թուլություններ, թերություններ։
-Թուլություններս ու թերություններս էլ քիչ չեն: Միշտ չէ, որ վճռական եմ:
Ե՞րբ եք արտասվում եւ արցունքներով երբեւէ ինչ-որ բաների հասե՞լ եք։
-Մորս մահից հետո հազվադեպ եմ արտասվում, բայց պատահում է: Դրա պատճառները միշտ խիստ անձնական են լինում, լացը` պոստֆակտում, հետևաբար որևէ հարցի լուծմանը չի կարող նպաստել
Սիրելի արտահայտություն ունե՞ք, որը Ձեզ համար կարգախոս եք դարձրել:
- Լավ է ուշ, քան երբեք: Սխալի կեսից ետ դառնալն էլ ճիշտ է: Յուրաքանչյուրին թող իր սրտով տրվի:
Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Հաջողության գաղտնիքը` յուրաքանչյուրի ճակատագրի մեջ է, ինչպես նաև ազնվության և աշխատասիրության:
Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:
-Արտաքինում որևէ բան փոխելն արդեն ուշ է, պետք է սիրենք մեզ այնպիսին, ինչպիսին ստեղծվել ենք Տիրոջ կողմից: Իսկ ներքինում փորձում եմ գոնե մի քիչ նվազեցնել զգացմունքայնությունս, ամեն ինչ սրտիս այդքան մոտ չընդունել:
Զանգ ԲԴԽ-ից։
-ԲԴԽ անդամներից առնվազն երեքի զանգերից շատ կուրախանամ:
Խորհրդակցական սենյակում։
-Խորհդակցական սենյակը մի վայր է, որտեղից ամեն անգամ դուրս ես գալիս նոր պատասխանատվություն ստանձնած:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Ձեզ հարցնում է՝ ում ինքնաբացարկ կհայտնեիք։
-Այն պաշտոնյաներին, որոնք այս կամ այն ոլորտում որոշումներ են կայացնում, ղեկավարվելով միայն իրենց սեփական շահով / ոչ միայն նյութական շահագրգռվածությանը նկատի ունեմ, այլ նաև անձնական ամբիցիաներով, վրեժխնդրությամբ, նախկինում ստացած առավելությունների համար փոխհատուցում տալու ձգտնումներով/ :
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, նորից դատավոր կդառնայի՞ք։
Շարքը՝ Ինգա Մարտինյանի