Ամենաանհեթեթ սուտը, որ եղբայրս օլիգարխ է և դատավոր եմ նշանակվել իր միջամտությամբ. բլից հարցազրույց Կոտայքի դատարանի նախագահի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը։
Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:
-Ես Հովհաննես Ռաֆիկի Ավագյանն եմ` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, հարցի երկրորդ մասին չեմ պատասխանի, ինքնագովեստով չզբաղվելու համար, իսկ եթե ավելի լուրջ, կարծում եմ իմ շրջապատի անձինք ավելի դիպուկ կպատասխանեն, թե ինչպիսինն եմ:
Կարգախոսը։
-Ցավոք կամ բարեբախտաբար կարգախոս չունեմ, հուսանք հաջորդ հարցազրույցի համար արդեն ձևավորված կլինի:
Ձեր ամենաուժեղ եւ թույլ կողմերը:
-Ասում են, ամենաուժեղ կողմս որոշում կայացնելու կարողությունն է, իսկ թույլ կողմս՝ երևի այն է, որ կայացրած որոշումը երբեք չեմ փոխում:
Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ եւ ձեր ապրած կյանքում, եթե նորից ծնվեիք:
-Չէի ցանկանա կյանքս նորից սկսել:
Ամենաշատը ինչո՞ւմ եք ձեզ մեղադրում:
-Երբ հեռավոր 1997 թվականին` ԲՈՒՀ դիմելիս, չմասնակցեցի մաթեմատիկայի ստուգարքին:
Ձեր կյանքի սխալները:
-Իմ կյանքում բնականաբար սխալներ կան, սակայն դրանք հույս ունեմ աններելի չեն և դրանց անդրադառնալու իմաստը չեմ տեսնում:
Ինչի՞ համար եք զղջում:
-Չարած բաների և անիմաստ վատնած ժամանակի համար:
Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:
-Դժվար է այդ հարցին պատասխանել, քանի որ միշտ փորձել եմ իրողություններն ընդունել այնպես, ինչպես կա և երբեք դրանք հաղթանակ կամ պարտություն չեմ որակել:
Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները, ինչի՞ եք պատրաստ ձեր նպատակներին հասնելու համար։
-Ինձ համար միջոցները մշտապես ավելի կարևոր են եղել, և չնայած դրան՝ ես միշտ հասել եմ իմ առջև դրված նպատակներին:
Ի՞նչ կյանքում երբեք չեք անի։
-Երբեք մի ասա երբեք (ոնց որ թե կարգախոսի հարցն էլ լուծվեց):
Երբեւէ ձեր արածի կամ ասածի համար ամաչե՞լ եք:
-Ճիշտն ասած նման դեպք չեմ հիշում:
Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:
-Աստծուն եմ հավատում:
Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:
-Կարծում եմ էթիկապես ճիշտ չի լինի այդ հարցին պատասխանել, համենայն դեպս նա, ով ինձ հիասթափեցրել է, դրա մասին գիտի:
Ի՞նչն է ձեզ հուսահատեցնում:
-Մահը, դավաճանությունը և այն ամենը, ինչի դեմ ես անզոր եմ:
Ամենահամարձակ քայլը կյանքում:
-Դատավորի երդումը, իհարկե:
Հպարտությունը:
-Հպարտությունս երեխաներս են:
Զարմանում եք, երբ…
-Զարմանում եմ, երբ հանդիպում եմ մարդկային հիմարությանը:
Զայրանում եք, երբ…
-Մարդկային հիմարության դեմ ոչինչ չեմ կարողանում անել:
Տխրելու պատճառներ, ուրախանալու առիթներ:
-Երկու դեպքում էլ տարբեր են լինում, սակայն տխրելու պատճառները ցավոք կյանքում ավելի շատ են, քան ուրախանալու առիթները:
Երջանկությունն ի՞նչ գույն ունի:
-Երջանկության գույները՝ կարմիր, կապույտ, իսկ վերջինը թողնում եմ ընթերցողի երևակայությանը:
Թերթում եք ձեր հիշողությունների գիրքը, ամենալավ եւ վատ հիշողությունը ո՞րն է:
-Ամենալավ հիշողությունները մանկության օրերում են, երեխաներիս լույս աշխարհ գալը, վատ հիշողությունը՝ հորս հետ վերջին հանդիպումն է:
Մեր օրերի լավագույն քաղաքական գործիչն ո՞վ է:
-Այս հարցին կպատասխանեմ հայտնի ֆիլմի հայտնի խոսքերով` մուզիկանտ պոլիտիկայով չզբաղվել:
Ձեր մասին ամենանհեթեթ սուտը, բամբասանքը:
-Ամենաանհեթեթ սուտը, որ եղբայրս օլիգարխ է և դատավոր եմ նշանակվել իր միջամտությամբ:
Ինչի՞ց եք վախենում:
-Հարազատներիս կորցնելուց:
Վատագույն սովորությունը: Սիրելի եւ չսիրելի գործեր:
-Վատագույն սովորությունս ծխելն է, որից վերջին տասը տարին պատրաստվում եմ ձերբազատվել, սիրելի գործն իմ աշխատանքն է, իսկ չսիրելին՝ կենցաղով զբաղվելը:
Հայտնի կանանցից ո՞ւմ հետ չէիք հրաժարվի հանդիպել:
-Լարա Ֆաբիան:
Անցած սերեր:
-Այնպիսի հարցեր եք տալիս, որոնց պատասխանելը նունիսկ առողջության համար է վտանգավոր: ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի ուժով հրաժարվում եմ ինքս իմ դեմ վկայելուց:
Սեր խոստովանելու լավագույն ձեւը:
-Լավագույն ձևի փնտրտուքի մեջ եմ, ընթացքում է:
Ձեր ընտրյալը:
-Այն անձն է, ում շնորհիվ ես կամ:
Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում:
-Չեն լինում:
Ընտանեկան «հոգսերից» որո՞նք են ձեր վրա, օրինակ՝ շուկա գնալ, աղբ թափել, լամպ փոխել, երեխաներին կարուսել, սրճարան տանել եւ այլն:
-Ձեր թվարկած հոգսերից բոլորն իմ վրա են:
Խաղադրույքներից մինչեւ կազինոներ, ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:
-Անկեղծանամ, վերջին անգամ ես խաղատուն եմ գնացել, երբ ստացել էի ուսանողական առաջին 3 ամսվա թոշակս միանվագ (արդեն չեմ հիշում որքան գումար էր), գուշակեք, թե որքան գումար եմ պարտվել կամ հաղթել, բայց դրանից հետո այլևս խաղատուն չեմ գնացել:
Խոհանոցում ի՞նչ կարող եք պատրաստել եւ ի՞նչ եք սիրում ուտել: Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է:
-Կարող եմ պատրաստել ձվածեղ և միայն, սիրում եմ համեղ ուտել, իսկ վերջին հարցին կպատասխանեմ այսպես, կարծում եմ, որ ֆիզիոլոգիայով տղամարդիկ այնպես են կազմված, որ սիրտն ու ստամոքսն իրար հետ ուղղակի փոխկապակցված են, ես նույնպես բացառություն չեմ:
Որպես կյանքում մի հերոս, ձեզ կինն ու գինին փրկո՞ւմ են, թե՞ կործանում:
-Կինն ու գինին մշտապես սկզբից ոգևորում են, հետո` անում գետնին հավասար և դրա դեմ պայքարելն անիմաստ է, այդքանն արդեն իսկ հասցրել եմ սովորել:
Պակաս-պռատ մանկություն, ուսանողություն եք ունեցել, թե դուք ոսկե երիտասարդության ներկայացուցիչ էիք...
-Երբևէ ոսկե երիտասարդության ներկայացուցիչ չեմ եղել, բայց ի շնորհիվ ծնողներիս հրաշալի մանկություն եմ ունեցել:
Երազ տեսա…
-Ցավոք սրտի այլևս երազներ չեմ տեսնում:
Երբեւէ ասել կամ մտած ել եք կանգ առ ակնթարթ, ինչ չքնաղ ես դու:
-Ամեն աշխատանքային օրվա առավոտյան այդպես էլ ասում եմ, երբ արթնանալու և աշխատանքի շտապելու ժամն է գալիս, իսկ դու դեռ ուզում ես քնել:
Զանգ ԲԴԽ-ից...
-Հարցի ենթատեքստն անհասկանալի է: Գործի բերումով երբեմն լինում է` օրինականության շրջանակներում:
Խորհրդակցական սենյակում...
-Որպես կանոն, ամեն ինչ արդեն պարզ է:
Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս դատավորին։
-Ինչ ես կարծում, վեթինգն անցնելն է ավելի ճիշտ, թե …:
Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը Ձեզ հարցնում է՝ լավատես եք։
Ուղնուծուծով լավատես եմ։
Շարքը՝ Ինգա Մարտինյանի