Դեռ մանկուց թաքցրել եմ իմ արցունքներն աշխարհից. բլից հարցազրույց դատավոր Լիլիթ Կատվալյանի հետ
Վազող տող
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը։
Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
-Չուտել այն, ինչ չեմ սիրում /իրականացած/, կախարդական փայտիկ ունենալը /չիրականացած/:
Երկրապագուներ։
-Եղել են:
Իսկական տղամարդը։
-Ամուր թիկունք կնոջ համար:
Խենթություններ Ձեզ համար արված կամ Ձեր կողմից արված։
-Կարծում եմ, մի փոքր խենթությունը դեռ ոչ մեկին չի խանգարել:
Դատելու ջիղը հայրիկի՞ց եք ժառանգել:
-Մի փոքր փոխեմ ձևակերպումը, արդար դատելու միտքը, այո՛, ժառանգել եմ հայրիկիցս:
Լիլիթ Կատվալյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ինչ չեք կարող պատրաստել։
-Ավելի շատ սիրում եմ համեղ ուտել, չեմ կարողանում պատրաստել ձևավոր տորթեր:
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե...։
-Ընկերական լավ միջավայր:
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Երեխաներս:
Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Բրենդամոլ չեմ, թեև հետևում եմ նորաձևությանը:
Օրվա հարցը՝ ինչ հագնել...
-Մեծ տեղ չեմ տալիս այդ հարցին, բայց սիրում եմ գեղեցիկ հագնվել: Նաև գտնում եմ, որ կինը պետք է միշտ հաճելի տեսք ունենա:
Ո՞վ է լավ իրավաբան՝ դուք, թե Ձեր հայրը, ինչի համար է նա ձեզ քննադատում։
-Կյանքի բոլոր փուլերում հորիցս շատ բան ունեմ սովորելու, իմ առաջին խորհրդատուն ու քննադատը հայրս է:
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել:
Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
-Կարծում եմ կա, բայց պետք չէ ամեն ինչ թողնել ճակատագրի քմահաճույքին:
7 ածականով բնութագրեք ձեզ։
-Չեմ ուզում ինձ վատաբանել, իսկ ինքնագովեստով զբաղվելն էլ իմը չէ:
Ընկերուհիներ ունե՞ք
-Նրանք իմ կյանքի անբաժան մասն են կազմում:
Ատամհատիկին ի՞նչ մասնագիտություն եք ընտրել։
-Ցավոք ծնողներս չեն հիշում:
Ձեր կյանքի հեքիաթը:
-Հեքիաթների չեմ հավատում:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ դատավորներից։
-Յուրաքանչյուր ոք գեղեցիկ է իր տեսակով:
Բամբասանք Ձեր մասին։ Հարեւանները ինչ են ասում։
-Անկեղծ ասած, չեմ հետաքրքվում:
Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Մյուս տարի հանգստին ավելի շատ ժամանակ կտրամադրեմ:
Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ Ձեր արածի կամ ասածի համար:
-Այո: Ամաչելու զգացում ունենալը շատ կարևոր է, անամոթ մարդը` վտանգավոր:
Առավելություններ եւ թերություններ:
-Առավելություններ` մեղմ եմ, համբերատար, թերություններ` մեղմ եմ, համբերատար:
Անկեղծ ասած…
-Այս ամենից ես հոգնել եմ… Սա ուղղակի մեջբերեցի տողեր իմ սիրած բանաստեղծությունից:
Ո՞ւմ եք սիրում
-Առհասարակ կյանքը:
Ու՞մից եք դժգոհ
-Փորձում եմ ամեն ինչի մեջ գտնել դրականը:
Երբ զայրանում եք
-Մեկուսանում եմ:
Երբ զարմանում եք...
-Ինձ զարմացնելը շատ դժվար է:
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Մարդասպանի:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...
-Հիասթափություններ լինում են, բայց դրանցից չեմ հուսահատվում:
Հավատում եք...
-Աստծուն:
Ֆոբիաներ։
-Միջատներից:
Հոգսեր։
-Հազար ու մի:
Արտասվում եք, երբ...
-Դեռ մանկուց թաքցրել եմ իմ արցունքներն աշխարհից:
Երբեւէ Ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
-Նման բաների չեմ հավատում, և Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս:
Մամուլում տարիներ առաջ գրել էին, որ դուք ամենահարուստ կին դատավորն եք առաջին ատյանի դատավորների մեջ, Ձեր եւ ձեր ամուսնու կարողությունը պահպանվե՞լ է, թե՞ իրավիճակ է փոխվել։
-Երբևէ որևէ իրավիճակից չեմ օգտվել:
Տանը ոտքի՞ են կանգնում, երբ դուք եք մտնում, թե ընտանիքում դուք ամբաստանյալ եք կամ մեղադրող, կարգավիճակները ինչպե՞ս են բաշխվում։
-Տանը բացառապես մայր եմ և կին:
Զանգ ԲԴԽ-ից
-Չի եղել:
Խորհրդակցական սենյակում։
-Արդարամիտ և արդարադատ:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Լավատե՞ս եք:
Շարքի նախորդ մասնակիցը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը Ձեզ հարցնում է՝ որն է երջանկության Ձեր բանաձեւը։
-Երջանկությունը բանաձեւ չունի։
Շարքը՝ Ինգա Մարտինյանի