Family portrait. Կրտսեր Քոչարյանների ընտանիքները
Վազող տող
Armdaily.am-ը շարունակում է «Family portrait» շարքը որում ներկայացնում ենք հայտնի քաղաքական, հասսարակական գործիչների ընտանիքներին:
Նախորդ շաբաթ մենք անդրադարձել էինք Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին՝ ներկայացնելով նրա և կնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպման ու ամուսնության պատմությունը:
Այս շաբաթ կանդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի զավակներին:
Սեդրակ Քոչարյան
Ծնվել է 1981 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետը։ Սեդրակ Քոչարյանը երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի՝ Բելլա, Անի, Էմմա և Դավիթ: Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է նաև հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են «Փլեյ Սիթի» սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ-ն, Հայաստանում «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլլեր «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն:
Ընդհանուր առամամբ, Քոչարյանների ընտանիքի անունը մի շարք ընկերություններում բաժնեմաս ունենալու հետ է կապվում: Օրինակ՝ Սեդրակը, ըստ մամուլի հրապարակումների, հանդիսանում է «Յունիբանկ» ընկերության համասեփականատեր. «Յունիբանկի» ղեկավարները հաճախ են արտասահմանյան ուղեւորությունների մեկնում Ռ. Քոչարյանի ավագ որդու հետ: Ռուսական «Վերսիա» կայքէջը Սեդրակ Քոչարյանին է վերագրում «Բիշին», «Դաուն Թաուն» անուններով շինարարական կազմակերպությունները, «Սթար» խանութների ցանցը, ինչպես նաև «NOKIA» հեռախոսների վաճառքի մենաշնորհը:
Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով: Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Նրա կինը` Զարուհի Բադալյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է, 2008 թվականից ի վեր հանդիսանում է "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2015 թվականին Զարուհի Բադալյանը հայտնվեց Dolce&Gabbana հայտնի բրենդի «Ընտանիքը մեր հենարանն է» նախագծի լուսանկարներից մեկում, որտեղ նա հայկական տարազով է:
Գայանե Քոչարյան
Ծնվել է 1983 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։ Սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում: Գայանեն ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյանն է, ով 2011 թվականի փետրվար ամսից եղել է Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ:
Լևոն Քոչարյան
Ծնվել է 1985 թվականին ԽՍՀՄ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում։ 2008 թվականից հանդիսանում է "Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ: Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով: Ամուսնացած է երգչուհի Սիրուշոյի հետ, ունի երկու որդի՝ Ռոբերտ և Միքայել:
Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված ընտանիքներից մեկն ամուսնացել է 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։
Երգչուհին և ամուսինը երբևէ չեն բարձրաձայնել իրենց սիրո պատմության մասին, սակայն հայտնի է, որ այն սկսվել է դեռևս դպրոցական տարիքից։ Զույգի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի փետրվարի 14–ը` Սուրբ Վալենտինի օրը։ Ամեն տարի այս օրը Սիրուշոն ամուսնու հետ որևէ լուսանկար է հրապարակում իր պաշտոնական էջերում, մինչդեռ երգչուհին նման բան չի անում ոչ իրենց ամուսնության տարեդարձի, ոչ էլ այլ առիթով։ Լևոնն իր հերթին, սովորություն ունի որևէ լուսանկար հրապարակել կնոջ տարեդարձի օրը։
Ամուսնությունից հետո Սիրուշոն կրում է ամուսնու ազգանունը` Քոչարյան։
Լևոնն ու Սիրուշոն ունեն 2 որդի։ Նրանց առաջնեկը` Ռոբերտը, 4 տարեկան է, կրտսերը` Միքայելը` շուտով կդառնա 3 տարեկան։