Ամեն մի ԶԼՄ-ի սեփականատեր ինքն է թելադրում, թե ով ինչ անի
Արխիվ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քրեական գործ է հարուցվել «Թիվի 5» հեռուստաընկերության տնօրեն Արման Թավադյանի նկատմամբ։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերից մեկի ընթացքում պլաստիկե շշով հարվածել էր Գասպարիին։ Armdaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, լրագրող Արթուր Սաքունցը նշեց, որ սա չենք կարող դիտարկել, որպես խոսքի ազատության սահմանափակում.«Այստեղ պետք է դիտարկենք գործողությունը, ոչ թե այն, որ Թավադյանը ԶԼՄ-ի ներկայացուցիչ է։ Եթե բռնություն է գործադրվում քաղաքացու նկատմամբ, դա պետք է պատժվի»։ Այն դիտարկմանը, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը հեղափոխության օրերին շշով հարվածել էր Լևոն Երանոսյանին, բայց դրա համար վերջինս չպատժվեց, Սաքունցն ասաց.«Է թող անեին։Բա Սասուն Միքայելյանին ինչո՞ւ էին նստացնում ավտոբուս։ Պետք է գործին երկու կողմից նայել։ Լևոն Երանոսյանի ի՞նչը ցավեց այդ պահին։ Պատգամավորին բռնի ուժով տեղափոխում էին։ Հարցին միակողմանի չպետք է նայել»։
Այն հարցին, արդյոք լրագրողական էթիկայի խախտում չէ, որ «Թիվի 5»-ի տնօրենը բարիկադներից մեկի կողմում է, իրավապաշտպանն ասաց.«Հիմա այնքան է խառնված այդ լրագրողական էթիկան։ Ամեն մի սեփականատեր ինքն է թելադրում, թե ով ինչ անի։ Հիմա շատ քիչ լրատվականներ կան, որոնք անաչառ են»։ Այսպիսի պրակտիկա երբևէ եղե՞լ է լրատվական դաշտում, Արթուր Սաքունցը նկատեց, որ՝ ոչ.«Ես չեմ հիշում, որ որևէ խմբագիր քաղաքական ակցիայի ընթացքում պաշտպանի ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի»։
Անյուտա Աթանեսյան