Family portrait. Օրենսդիրի հերթական հարսնացուն. Լիլիթ Մակունց
Արխիվ
Armdaily.am-ը շարուակում է իր «Family portrait» շարքը, որի շրջանականերում ուսումնասիրում ենք հայտնի քաղաքական, հասարակական և պետական գործիչների ընտանիքները:
Այս շաբաթ մեր հերոսը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է:
Լիլիթ Մակունցը ծնվել է 1983 թվականին Երեւան քաղաքում: 1990-1999 թվականներին սովորել է Երեւանի 195 միջնակարգ դպրոցում, ապա մինչեւ 2003 թվականը՝ Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Բանասեր է, գերմաներենի մասնագետ: 2003-2005 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:
Քաղաքականության մեջ Լիլիթ Մակունցը մտել է դեռ 2017 թվականին, երբ Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու:
«Իմ քայլը» շարժման հաղթանակից հետո 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:
2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Լիլիթ Մակունցը հասարակությանը քիչ է հայտնի: Դեռ նախարար եղած ժամանակներից քաղաքացիները փորձում էին հասկանալ՝ վերջինս ի՞նչ կապ ունի մշակույթի հետ, ի՞նչ սկզբունքով է ընտրվել նախարար:
Այդ ժամանակ Մակունցը ֆեյբուքյան էջում իր եւ մշակույթի կապի մասին գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասվում էր.
«Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել էր պատգամավորը:
Հասարակությունը չխնայեց Մակունցին պատգամավոր դառնալուց հետո նույնպես: Ներկայում նրան Գալուստ Սահակյանի «իրավահաջորդ» են անվանում՝ ոչ տեղին ու անտրամաբանական հայտարարությունների պատճառով: Նման հայտարարություններից մեկը ԱԱԾ-ն և ոստիկանությունը չքաղաքականացնելու մասին էր: Մակունցը ասել էր, որ դա լինի, պետք է այդ կառույցները դնել անձամբ վարչապետի ենթակայության տակ։
Խոսելով ընտանիքի մասին՝ Մակունցը հարցազրույցներից մեկում ասել էր, որ արմատներով Դաշտային Ղարաբաղից է: Հայրը` Կամո Մակունցը, ծնվել է Ջերմուկում, հետագայում տեղափոխվել է Երեւան։ Մեծացել է ինժեների եւ ուսուցչուհու ընտանիքում։ Ունի եղբայր: Ամուսնացած չէ: Նրա ֆեյսբուքյան էջը նույնպես քիչ բան է պատմում պատգամավորի ընտանիքի մասին:
Հարցազրույցներից մեկում Մակունցը պատմել է, որ մանկուց հանդարտ երեխա է եղել, թեեւ երբեմն ունեցել է պոռթկումներ, ինչպես լինում է հանդարտ մարդկանց դեպքում։ Կարեւորում է անհատականություն լինելը։ Իր տեսակի ձեւավորման հարցում մեծ դեր է խաղացել հայրը։
Խմբակցության ղեկավարը նաև պատմել է, որ որոշումներ կայացնելիս ինքնուրույն է, սակայն հարցերը քննարկելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթն իրենց ընտանիքում ձեւավորված իրողություն է։
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի: