Պարզաբանում. Ի՞նչ է անհրաժեշտ ամուսնական պայմանագիր կնքելիս
Պարզաբանում
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք ամուսնական պայմանագրերին. ի՞նչ է անհրաժեշտ ամուսնական պայմանագիր կնքելիս:
«Արատտա Քընսալթին» իրավախրհրդատվական մասնագետները նախկինում անդրադարձել էին ամուսնալուծության իրավական խնդրին, որի հետ մեկտեղ առաջանում է ամուսինների գույքի բաժանման հարցը:
Օրենսդիրը որպես ընդհանուր կանոն սահմանել է, որ յուրքանչյուր դեպքում Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Հարկ է նկատել, որ բոլոր զարգացած երկրներում արդեն իսկ լայն տարածում գտած ամուսնական պայմանագիրը, որպես իրավական գործիք, արդյունավետ միջոց է ամուսինների միջև գույքային հարցերի կարգավորման համար, ինչն էլ թույլ է տալիս առավելապես կարգավորել և հստակեցնել ամուսնալուծության դեպքում գույքի բաժանման հարցերը՝ զերծ մնալով ամուսնալուծության պահին այդ հարցերի լուծման խնդրից:
Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում: Այն կարող է կնքվել ցանակցած փուլում ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Նշվածի հետ սակայն նշեմ, որ ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։
Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով և ենթակա է նոտարական վավերացման:
Առավել մանրամասն անդրադառնալով ամուսնական պայմանագրով կարգավորման ենթակա հարցերին՝ նշեմ, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 29-րդ հոդվածը նախատեսում է, որ ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ Այն կարող է կարգավորել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի հետ կապված հարաբերությունները։
Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։ Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նախատեսել ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճն առևտրային արբիտրաժի միջոցով լուծելու հնարավորություն:
Օրենսդիրը նաև թույլ է տալիս Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները սահմանափակել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դնել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը։
Արդյունքում, ինչքան էլ ամուսնական պայմանագրի կնքումը խորթ է հայի մտածելակերպի համար, այնուամենայնիվ այն արդյունավետ գործիք է ամուսնալուծության պահին անխուսափելիորեն ծագող խնդիրների նախապես և հնարավորինս առողջ կարգավորելու համար, և ինչու ոչ կարող է նպաստել ամուսնալուծության դեպքում ցավոք գրեթե միշտ ձևավորվող զույգերի թշնամանքից խուսափելու համար:
- անշարժ և շարժական գույքերի առուվաճառքին,
- վարկ ստանալուն
- աշխատողների իրավունքներին,
- հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն
- ժառանգության իրավունքին
- զագսավորվելուն, ամուսնու տանը գրանցվելուն եւ հայրություն ճանաչելուն
- հաշմանդամության կարգ ստանալուն,
- արձակուրդի իրավունքին,
- դեկրետի գումարի հաշվարկին,
- ամուսնության ձեւակերպման իրավական ընթացակարգերին ,
- վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն ,
- ամուսնալուծության եւ ալիմենտի հարցերին ,
- բնակարանի վարձակալության հարցին: