Family portrait. DJ Ed Ward-ից՝ կառավարության աշխատակազմի ղեկավար. Էդուարդ Աղաջանյան
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է:
Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ Աղաջանյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, ՔՊ հիմնադիր անդամ է, ընտրվել է կուսակցության վերահսկողության մարմնի անդամ, ապա ուսման նպատակով 2012-ին մեկնել է Մոնակո:
Էդուարդ Աղաջանյանը Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետի բակալավրի և ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետի մագիստրոսի կոչումներ ունի:
Վերադարձից հետո ակտիվորեն ներգրավված է եղել կուսակցական գործունեության մեջ, մասնավորապես, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին եղել է Նոր կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանի, ով ներկայում Արարատի մարզպետն է, նախընտրական շտաբի պետ։
Մասնագիտությամբ ֆինանսիստը մինչեւ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստնաձնելը աշխատել է HSBC բանկում։
30–ամյա Աղաջանյանին մինչեւ նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երեւանի ժամանցի կենտրոններում։
Ինչպես նշել է Աղաջանյանը հարցազրույցներից մեկում՝ քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվել է 2004 թվականից, երբ հետևել է Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի «Միասնություն» քաղաքական դաշինքի երթին՝ դեպի Բաղրամյան պողոտա։ Այն ժամանակ 15-ամյա Էդուարդը ականատես է եղել ծեծուջարդի, և սկսել է խորը մտածել քաղաքական հարցերի մասին:
Նիկոլ Փաշինյանի հետ Աղաջանյանը ծանոթացել է 2007 թվականին՝ «Իմպիչմենտ» դաշինքի ձեւավորման փուլում, և ակտիվորեն ներկգրավվել է քաղաքական պայքարի մեջ:
Էդուարդի հայրը գործարար է, մայրը՝ տնային տնտեսուհի, քույր ունի, որն ամուսնացած է, զբաղվում է երկու փոքրիկների դաստիարակությամբ։
Հարցազրույցներից մեկում Աղաջանյանը ասել է, որ պատանեկան տարիներից հետաքրքրված է սպորտով, երաժշտությամբ, ակտիվ, բայց ոչ չար պատանի է եղել, խնդիրներ չի ստեղծել ոչ ընկերների, ոչ էլ ընտանիքի համար։ Էդուարդը երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին, պարապում էր, ասում էր՝ վատ չէր ստացվում, սակայն առողջական խնդրի պատճառով ստիպված է եղել հրաժարվել ֆուտբոլային երազանքից, հետո թենիսով է զբաղվել, որը եւս հաջողել է, բայց առողջական նույն խնդրի պատճառով դա էլ է կիսատ թողել։
Կառավարությունում Աղաջանյանը առանցքային դեմքերից մեկն է: Մամուլում նրա անունը ասոցացվում է այս կամ այն պաշտնում մարդկանց նշանակելու լուրերի, կառավարության մի շարք ախատակիցների ազատման և ՊՎԾ պետի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի թեկնածության առաջադրման հետ:
Նշանակումից հետո սոցիալական ցանցերում քննարկվում է Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսի հարցը: Ըստ այդ հրապարակումների՝ Էդուարդ Աղաջանյանի հայրը «Զիգզագ» ընկերության սեփականատեր՝ Արթուր Աղաջանյանն է:
Վերջերս մամուլում ակտիվորեն քննարկվում է այն փաստը, որ «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ կտրոն չի տալիս հաճախորդներին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել էր այս հարցին և ընդգծել, որ «Զիգզագ»-ն ունի օրինապահ վճարողի վարքագիծ:
Շարքի նախորդ հերոսները՝
Դավիթ Սանասարյանի ընտանիքը,Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Արսեն Թորոսյանի ընտանիքը, Մխիթար Հայրապետյանի ընտանիքը, Արարատ Միրզոյանի ընտանիքը, Ալեն Սիմոնյանի ընտանիքը, Էդմոն Մարուքյանի ընտանիքը, Լենա Նազարյանի ընտանիքը, Սերժ Սարգսյանի ընտանիքը, Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. Մաս առաջին, մաս երկրորդ
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի: