Family portrait. Դավիթ Սանասարյանի ընտանիքը
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն է:
Դավիթ Սանասարյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 23-ին: Մասնագիտությամբ իրավագետ է։ Ավարտել է Եվրախորհրդարանի քաղաքական, ինչպես նաև Եվրոպայի դիվանագիտության ակադեմիայի դասընթացները։ Ուսանել է նաև ԱՄՆ Թաֆթսի համալսարանի և Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
Եղել է Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու անդամ։
2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս Ժառանգություն կուսակցությունից ու միանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնում։
2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Ներգրավվել է քրեական գործի մեջ որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:
Սանասարյանը ամուսնացած է Սոնա Հովհաննիսյանի հետ՝ ով Հայբուսակ համալսարանի դասախոս է:
Ամուսնու դեմ մեղադրանք առաջադրելուց հետո նա ակտիվորեն արձագանքում է գործի հետ կապված ցանկացած իրադարձության և պարբերաբար հրապարակումներ է անում իր ֆեյսբուքյան էջում՝ պաշտպանելով ամուսնուն:
Տարբեր հարցազրույցներում Դավիթ Սանասարյանը նշել է, որ շատ է սիրում իր կնոջը, և ազատ ժամանակը ընտանիքի հետ է անցկացնում.
«Ազատ ժամանակս փորձում եմ ընտանիքիս հետ անցկացնել՝ այդպիսով «քավելով մեղքերս» իմ սիրելի կնոջ նկատմամբ, որն արդեն ութ տարի է զիջում է ինձ, որ ես պայքարեմ: Հաճախ ընտանիքիս հետ զբոսնում ենք քաղաքում, նստում մի գողտրիկ վայրում»,- ասել է Սանասարյանը 2016 թվականին տված հարցազրույցներից մեկում:
Սանասարյանը ունի 2 որդի՝ 10-ամյա Տարոնը և 6-ամյա Արեգը: Հարցազրույցներից մեկում Սանասարյանը պատմել է, որ որդիների հիմնական զբաղմունքը չարաճճիություններ անելն է:
«Երեխաների հետ իրենց ժամանակի մեծ մասը տատիկն ու պապիկն են անցկացնում: Համակարգիչը նրանց հիմնական զբաղմունքներից է: Ինքս փորձում եմ երեխաներիս հետ որոշակի ժամանակ անցկացնել»,-պատմել է ՊՎԾ նախկին պետը:
Ֆեյսբուքյան էջում դավիթ Սանասարյանը պարբերաբար ընտանեկան լուսանկարներ է հրապարակում՝ սիրառատ մակագրություններով:
Շարքի նախորդ հերոսները՝
Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Արսեն Թորոսյանի ընտանիքը, Մխիթար Հայրապետյանի ընտանիքը, Արարատ Միրզոյանի ընտանիքը, Ալեն Սիմոնյանի ընտանիքը, Էդմոն Մարուքյանի ընտանիքը, Լենա Նազարյանի ընտանիքը, Սերժ Սարգսյանի ընտանիքը, Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. Մաս առաջին, մաս երկրորդ