Պարզաբանում. Ինչպե՞ս վարկ ստանալ, պայմաններն ու ռիսկերը
Արխիվ
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք վարկ ստանալուն. ի՞նչ է անհրաժեշտ վարկ ստանալու համար, ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ ժամկետներով, ի՞նչ տոկոսադրույքով կարող է վարկ տրամադրվել, երաշխավորին և երրորդ անձի գույքով դեպքերին:
Ի՞նչ է անհրաժեշտ վարկ ստանալու համար ո՞վքեր կարող են դիմել, ու՞մ, ի՞նչ ժամկետներով, ի՞նչ տոկոսադրույքով կարող է վարկ տրամադրվել։
Վարկն իրենից ներկայացնում է վարկատուի կողմից վարկ վերցնողին որոշակի դրամական միջոցների տրամադրում, որոնք վերջինս պարտավորվում է որոշակի ժամանակահատվածում որոշակի սահմանաչափերով վերադարձնել վարկատուին՝ ներառյալ նաև դրա նկատմամբ հաշվեգրված տոկոսները:
Ընդհանուր առմամբ վարկերը կարելի բաժանել ըստ դրա ստացման նպատակների և առավել տարածված են դրանց հետևյալ տեսակները`
- Սպառողական վարկեր,
- Ավտովարկեր,
- Ոսումնական վարկեր,
- Լոմբարդային վարկեր,
- Բիզնես կամ առևտրային վարկեր,
- Գյուղատնտեսական վարկեր,
- Վարկային գիծ,
- Հիփոթեքային վարկեր և այլն:
Անդրադառնալով վարկի տրամադրման գործընթացին՝ պետք է նշել, որ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից վարկի տրամադրման ՙհայտը՚ ստանալուց հետո իրականացվող առաջին գործողությունը դա վարկի տրամադրման ՙհայտ՚ ներկայացրած անձի վարկունակության ստուգումն է, ինչն ուղղված է վարկի տրամադրման դեպքում դրա վերադարձման ռիսկերի գնահատմանը:
Որպես այդպիսիք առկա են ՀՀ կենտրոնական բանկի և վարկատուի կողմից սահմանված վարկունակության չափանիշներ:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանվում է, որ վարկունակության որոշման հիմքում դրվում են հետևյալ տեղեկությունները`
ա) վարկի մարման համար փոխառուի կամ վարկառուի բավարար եկամտի աղբյուրը,
բ) փոխառուի կամ վարկառուի բավարար հեռանկարային իրացվելիությունը, այդ թվում` վարկի սպասարկման ընթացքում բավարար դրամական միջոցների առկայությունը,
գ) պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը,
դ) փոխառուի կամ վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը:
Ինչ վերաբերում է Վարկատուի կողմից սահմանվող չափորոշիչներին, ապա պետք է նկատել, որ դրանք սահմանվում են յուրաքանչյուր վարկատուի կողմից ինքնուրույն, պահպանելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պայմանները:
Վերը նշված գործընթացը հանդիսանում է վարկի տրամադրման նախապատրաստական փուլը, որին հաջորդում է վարկի տարամդրման, և այնուհետև վերահսկման և մարման փուլերը:
Առավել կարևոր է ֆիքսել, որ վարկային պայմանագիրը յուրաքանչյուր դեպքում կնքվում է պարտադիր գրավոր ձևով, իսկ այն դեպքերում, երբ գործ ունենք հիփոթեքային վարկերի կամ այնպիսի վարկերի հետ, որոնք ենթադրում են անշարժ գույքի գրավով պարտավորության ապահովում, ապա յուրաքանչյուր դեպքում, չնայած վարկի հասարակ գրավոր ձևով կնքելուն, այդ պայմանագրերը կնքվում են պարտադիր նոտարական վավերացմամբ:
Ի ապահովումն վարկառուի իրավունքների՝ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որոշակի պարտադիր պահանջներ կապված պայմանագրի բովանդակության հետ, սահմանելով, որ
Վարկային պայմանագիրը պետք է ներառի առնվազն՝
1) տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում.
2) տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգի, պայմանների և ժամկետների վերաբերյալ նշում.
3) հնարավորության դեպքում վարկը մարելու նպատակով վարկառուի կողմից վճարման ենթակա վճարումների, տոկոսների և այլ պարտադիր վճարների գումարի չափի, թվի, հաճախականության կամ ժամկետների, ինչպես նաև այդ վճարումների ամբողջ (ընդհանուր) գումարի չափի վերաբերյալ նշում.
4) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գնի մասին նշում, եթե այդ օժանդակ ծառայություններից օգտվելը վարկային պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման է, և այդ ծառայությունների շահառուն վարկատուն է, կամ վարկատուն սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարկառուն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր.
5) վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար վարկատուի կողմից կիրառվող պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ վարկառուի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների), դրանց կիրառման դեպքերի և կարգի վերաբերյալ նշումներ.
6) վարկառուի իրավունքի վերաբերյալ նշում և այլն:
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա պետք է նշել, որ ցավոք դրանք բազմաթիվ են: Կցանկանայի դրանք տարանջատել օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների.
Օբյեկտիվ խնդրի տակ կարծում եմ առկա վարկային առաջարկների ոչ ճկունությունն է, մասնավորապես, երբ անձը յուրաքանչյուր դեպքում սահմանափակվում է առաջարկվող պայմաններով, և ի տարբերություն զարգացած պետություններում ձևավորված մշակույթի, չի կարող ներկայացնել իր առաջարկներն ու պահանջները, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Այսինքն յուրաքանչյուր դեպքում անձի միակ որոշելու հարցը կայանում է բանկի կամ վարկային կամակերպության կողմից թելադրված պայմաններով վարկ վերցնելը կամ չվերցնելը:
Նշված օբյեկտիվ խնդիրը իր հերթին սերտորեն փոխկապացվում է ամենամեծ սուբյեկտիվ խնդրի հետ՝ այն է հասարակության իրավագիտակցության մակարդակի անբավարարությունը՝ լիարժեք պատկերացնելու ստանձնվելիք պարտավորությունների բեռը: Այս խնդիրը առաջ է բերում հետագայում վարկի մարման անհնարինության:
Վրոգրյալի համատեքստում կարելի է ընդգծել երաշխավորի և երրորդ անձի գույքով վարկի ապահովվման դեպքերը: Վստահ եմ, որ յուրաքանչյուրիս շրջապատում առկա կլինեն մարդիք, ովքեր զոհն են դարձել հարազատի համար վարկ վերցնելու գործընթացում երաշխավոր դառնալու պատրաստակամության, իսկ ոմանք էլ ավելին՝ իրենց միակ անշարժ գույքի գրավադրման հետևանքով:
Արդյունքում վարկի տրամադրման պահին չգիտակցելով կամ չպատկերացնելով վարկառուի վարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման ռիսկն ու դրանից բխող հետևանքները, անձը դառնում է մյուսի երաշխավորը կամ իր գույքը գրավադրում է ի ապահովում երրորդի վարկային պարտավորությունների կատարման և միայն դանակը ոսկռին հասնած պահին, երբ բանկը նախաձեռնել է դատական գործընթաց, իրապես հասկանում է իր գործողությունների էությունը:
- աշխատողների իրավունքներին,
- հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն
- ժառանգության իրավունքին
- զագսավորվելուն, ամուսնու տանը գրանցվելուն եւ հայրություն ճանաչելուն
- հաշմանդամության կարգ ստանալուն,
- արձակուրդի իրավունքին,
- դեկրետի գումարի հաշվարկին,
- ամուսնության ձեւակերպման իրավական ընթացակարգերին ,
- վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն ,
- ամուսնալուծության եւ ալիմենտի հարցերին ,
- բնակարանի վարձակալության հարցին: