Երեխաները՝ միայն քարսիթով. նոր որոշման առավելությունները եւ խնդիրները. Արմդեյլի օմբուդսմեն
ADTV«Արմդեյլի օմբուդսմենի» այս հաղորդումը մանկահասակ երեխաներին քարսիթով տեղափոխելու Կառավարության որոշման մասին է։ Գործադիրը ապրիլի 11-ի նիստում փոփոխություն կատարեց կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության կանոններին։ Նոր փոփոխությամբ առանձնացվում է երեխաների տարիքային երկու խումբ՝ մինչեւ 7 տարեկան եւ 7-ից 12: Քարսիթի առկայությունը պարտադիր է լինելու մինչեւ 7 տարեկանների համար: 7-ից 12 տարեկանները կարող են միայն ամրակապվել, եթե երթեւեկելիս չեն զբաղեցնում մեքենայի առաջին նստատեղը: Նոր որոշումը մի շարք քննադատությունների է արժանացել։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար, 4 երեխաների մայր Շուշան Դոյդոյանը դեմ չէ քարսիթին, 10 տարի առաջ գնել է եւ մինչեւ օրս օգտագործում է։ Սակայն նա շեշտում է, որ անվտանգ երթեւեկության մասին խոսելիս առաջնահերթ լուծող պահանջող բազմաթիվ այլ հարցեր կան՝ հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակը, չվերահսկվող տաքսի մեքենաները, սակայն պետությունը լուծում է հենց քարսիթների հարցը, քանի որ դա իրենից լրացուցիչ ֆինանսական ծախս չի պահանջում։ Մինչդեռ այս որոշումը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնեցնելու բազմազավակ ընտանիքներին, ովքեր մի քանի մանկահասակ երեխա ունեն։ Նրանք պետք է գումար ծախսեն, մի քանի քարսիթ գնեն, իսկ հետո մտածեն՝ ինչպես դրանք տեղավորել մեքենայի մեջ, ինչն էլ իր հերթին առաջացնում է մեքենան փոխելու հարցը։ Անկախ քննադատություններից, միանշանակ է, որ քարսիթով երեխաներին տեղափոխելը անվտանգ է, 80-85 տոկոսի վթարների դեպքում այն կանխում է երեխաների մահվան դեպքերը։ Դրա օգտագործման առավելությունները շեշտելով՝ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը մի շարք բացթողումներ է տեսնում նոր որոշման մեջ։ Վարորդների կողմից երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տույժ է նախատեսվում 5 հազար դրամի չափով:
ՃՈ պետի տեղակալ, գնդապետ Արման Չիլինագարյանը շեշտում է, որ գերխնդիրը տուգանելը չէ։ Ինչպե՞ս է ՃՈ-ն հսկելու քարսիթների կիրառումը, ինչո՞ւ դրանց հանրային տրանսպորտում կիրառելու մասին ոչինչ նշված չէ, ի՞նչ պետք է անեն բազմազավակ ընտանիքները, այս եւ այլ հարցերին անդրադառնում է ՃՈ պետը։ Նոր որոշման շրջանառության մեջ դնելուց հետո խանութներում քարսիթների վաճառքը կրկնապատկվել է, պահանջարկը՝ եւս։ Քարսիթների գները տատանվում են 30-100 հազար դրամի սահմաններում։ Ինչպես ընտրել քարսիթ, ինչին ուշադրություն դարձնել եւ ինչպես օգտագործել այն, այս եւ այլ հարցերին անդրադառնում է մասնագիտացած խանութի աշխատակիցը։
Մանրամասները՝ հաղորդման մեջ։