Family portrait. Արսեն Թորոսյանի ընտանիքը
Արխիվ
Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ և այլ փաստեր:
Այս շաբաթ մեր հերոսը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է:
Ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում։
2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:
Մասնակցել է առողջապահության վերաբերյալ մի շարք միջազգային ծրագրերի և դասընթացների Աբու Դաբիում, Վիեննայի բժշկական համալսարանում, Քեմբրիջում:
Արսեն Թորոսյանը 2018 թվականի օգոստոսից միացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Հանդիսացել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ Թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության պայքարին։
Արսեն Թորոսյանը հայտնի է բանավիճային ակումբներին ակտիվ մասնակցությամբ, զանգվածային կանխարգելիչ պատվաստման, հակածխախոտային պայքարի և պարտադիր ապահովագրության կողմնակից լինելով, կրոնական պատճառներով շաբաթվա օրերը ոչ աշխատանքային հայտարարելուն դեմ արտահայտվելով, ճանապարհային ոստիկանության աշխատանքի բարելավմանն ուղղված առաջարկներով։
Արսեն Թորոսյանը աթեիստ է. ունի Atheist.am կայքում տեղադրված բաց նամակ 2015 թվականին, ինչպես նաև եղել է «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբի համահիմնադիր: Բազմիցս խոսել է եկեղեցու, պետության և կրթության տարանջատման կարևորության մասին, դեմ է արտահայտվել հանրակրթական հաստատություններում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը: Անընդհատ լուրեր են պտտվում նաև, որ նախարարը ունի «Աթեիստ» անունով ֆեյք էջ, որով հակակրոնական գրառումներ է անում:
Արսեն Թորոսյանը ամուսնացած է Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու երեխա՝ Նարեն և Գևորգը:
Ներկայում Վարդուհի Թևանյանը «ՄԻԲՍ» մասնավոր կլինիկայի տնօրենն է, որը մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը՝ մինչև նախարար դառնալը, գլխավորում էր Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ այսօր մամուլում հայտնվել է տեղեկություն, որ «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ Անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։ Այս մասին գրված է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները հաստատելու մասին նախարար Արսեն Թորոսյանի ընթացիկ տարվա հունվարի 25-ին ընդունած որոշուման մեջ։
Շարքի նախորդ հերոսները՝
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. Մաս առաջին, մաս երկրորդ