Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հասարակություն
Հայաստան վերադարձած ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել էին սեպտեմբերի 23-ին, «Փաստինֆո»-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս պահի դրությամբ սեպտեմբերի ռազմական գործողությունների հետ կապված այլ անձանց չենք տեսակցել։ Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի»,- ասել է Ամատունին։
2020 և 2021 թվականներին Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց' այդ թվում դատապարտված մեր զինծառայողների հետ, Ամատունիի խոսքով, աշխատանքը շարունակվում է։
«Նրանց թիվը չեմ կարող հրապարակել, բայց կարող եմ հաստատել, որ շարունակում ենք տեսակցել, նրանցից յուրաքանչյուրի ընտանիքի հետ մշտական կապի մեջ ենք»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրել է 17 ռազմագերու, նրանք գերեվարվել էին Հայաստանի վրա ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ։