Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան
Քաղաքական
«Կարևոր է, որ Հայաստանը ներկայացնի իր մոտեցումները՝ կապված և՛ Ադրբեջանի հետ, և՛ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետ, և՛ այն հանգամանքի հետ, որ Թուրքիան ըստ էության խախտում է իր իսկ հայտարարած առանց նախապայմանների բանակցություններ անցկացնելու գործընթացը։ Տեսնում ենք,որ նախապայմաններով են հանդես գալիս Էրդողանը, Չավուշօղլուն»,- ArmDaily-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Փաշինյան- Էրդողան հանդիպման ակնկալիքիների մասին։
Թուրքագետի պնդմամբ՝ այն փաստը, որ Հայաստանը հավասար հարթության վրա չի գտնվում Թուրքիայի հետ, չի նշանակում, որ Թուրքիան պետք է հանդես գա թելադրողի դերում։ «Հայաստանը երկիր է, որը Թուրքիայից մի քանի անգամ փոքր է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ, և՛ զինված ուժերով, և՛ տնտեսությամբ։ Պարզ է , որ մենք նույն քաշային կատեգորիաներում չենք գտնվում, բայց ժամանակակից միջազգային իրավունքը հիմնվում է հենց այն սկզբունքի վրա, որ բոլոր երկրները, անկախ իրենց «քաշային կատեգորիայից», հավասար են իրավունքի առջև։ Պետք է այդ սկզբունքը առաջ տարվի, և Թուրքիան պետք է սովորի այդ սկզբունքի հիման վրա առնչվել Հայաստանի հետ»,-նշեց Սաֆրաստյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը պետք է ունենա իր մոտեցումները, ուրույն քաղաքականությունը միջազգային իրավունքի շրջանակներում՝ օգտագործելով տարբեր դիվանագիտական հնարավորություններ։ «Մասնավորապես, հիմա մենք տենում ենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն է մեր տարածաշրջանում ակտիվանում։ Պետք է կարողանանք այդ ամենը օգտագործել և իսկապես հանդես գանք որպես հավասար կողմ Թուրքիայի հետ։ Այն որ ասում են նախապայմաններ, դրանք հենց թելադրանք են Թուրքիայի կողմից, դրա համար իրենք սկզբից ասում էին առանց նախապայմանների, որ տպավորություն ստեղծվի, թե համաձայն են հավասարը հավասարի Հայաստանի հետ բանակցություններում։ Բայց հետո տեսանք՝ ինչպես են սկսում ամենաբարձր մակարդակով պաշտոնապես Հայաստանի վրա պարտադրանք իրականացնել»,-ընդգծեց թուրքագետը։
Անդրադառնալով հարցին, թե այս հանդիպումից հետո հնարավո՞ր են նոր զիջումներ Հայաստանից՝ Սաֆրաստյանը կարծում է, որ զիջումներ դժվար թե լինեն։ «Էլ ու՞ր զիջենք, զիջելու տեղ չի մնում։ Մեր տարածքի մի մասն են գրավել ազերիները, որոնք, իմ գնահատմամբ, գործում են Թուրքիայի ստրատեգիայի շրջանակում»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ այս փուլում Թուրքիայի համար առանձնապես կարևոր չեն Հայաստանի հետ հարաբերությունները։
«Թուրքիայի համար հիմա առաջնային նպատակ է դարձել տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, որպես այդպիսին։ Թուրքական ստրատեգիայի նպատակն է Հարավային Կովկասը վերցնել իր լիարժեք հսկողության տակ և փոխարինել այստեղ Ռուսաստանին, որը, տեսնում ենք, թուլանում է՝ կապված Ուկրաինայի հետ։ Թուրքերը հասկացել են՝ եկել է պահը, որ իրենք իրենց դիրքերը տարածաշրջանում շատ ավելի ամրապնդեն»,-ավելացրեց Սաֆրաստյանը։
Նրա համոզմամբ՝ Թուրքիան Ադրբեջանին որպես գործիք է դիտարկում Հայաստանի դեմ օգտագործելու համար։ «Իրենց համար կարևորը, որ Ադրբեջանին օգտագործեն Հայաստանի դեմ, Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որ դրանով թուլացնեն Հայաստանին և Հայաստանի հետ ունենան այնպիսի հարաբերություններ, որը իրենց է ձեռնտու,այսինքն՝ Հայաստանի վրա սկսեն իրենց ազզդեցությունը տարածել,ամբողջ խաղը դրա շուրջն է գնում: Թուրքիան Ադրբեջանին որպես գործիք է դիտարկում, իհարկե, Ադրբեջանը փորձում է ինչ-որ ինքնուրուրույնություն ցուցաբերել, բայց փաստերը ուրիշ բանի մասին են խոսում»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Արփինե Նավասարդյան