Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան
Արցախ եւ մարզեր
«Ալեն Սիմոնյանը և, ընդանրապես, Հայաստանում գործող այդ վարչախումբը սովոր է բառախաղ անելու։ Իրենք որպես քաղաքական գործիչներ կա՛մ չկան, չունեն տարրական գիտելիքներ, կա՛մ հատուկ են այդպես անում։ Այստեղ Արցախ բառի չլինելը կարելի է և ուղիղ հասկանալ, և որ Արցախին վերաբերող որևէ բան չի կարող լինել։ Հիմա եթե հասկանում ենք, որ Արցախ չի կարող լինել, չպիտի զարմանանք, որովհետև 2018թ-ից ի վեր մենք լսում ենք նույն տեքստերը, մեկը ադրբեջաներեն լեզվով, մյուսը՝ ադրբեջաներենը թարգմանած հայերեն։ Ես հաճախ եմ նշել՝ տպավորությունն այնպիսին է, որ, կարծես, խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, երկուսն էլ նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ»։
ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրում Արցախի հարցին կարող է և անդրադարձ չլինել։ Երեկ էլ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ Արցախ բառը չպետք է լինի պայմանագրի տեքստում։ Մետաքսե Հակոբյանը կարծում է՝ այս հայտարարությունները պոպուլիստական են, դրանցից բացի պետք է հստակ քայլեր իրականացվեն,որոնք դեռևս չկան։ «Խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է , ՀՀ վարչապետը միանշանակ ստորագրելու է։ Այն ձևաչափով, որն իրենք են ներկայացնում, ներառում է Արցախի կործանում և Հայաստանի պետականության դիրքերի սասանում, բայց հետագայում նաև իր մեջ ներառում է շատ մեծ վտանգներ Հայաստանի համար»,-նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրում Արցախի ներառման խնդրին, պատգամավորը կարծում է՝ դա պետք է որևէ կերպ ամրագրվի և պետք է լինի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ «Պետք է հստակ ինչ-որ կետով նշվի, որ, օրինակ, Արցախի կարգավիճակը դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ որևէ կապ չի ունենում, այսինքն՝ եթե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա իր մեջ չի պարունակում այն վտանգները, ինչը հիմա կա, այսինքն՝ դրանով չի նշանակում, որ Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս։ Պիտի հստակ նշվի, որ այդ խաղաղության պայմանագրի արդյունքում ևս Արցախի կարգավիճակ չի որոշվում, այն դեռևս բանակցային գործընթացում պիտի որոշվի, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի տրամաբանության մեջ։ Եթե այս կետը ներառված չեղավ կոնկրետ, դրանք սին խոսքեր են, որոնք ուղղակի էլի ժողովրդին հանգստացնելու ,փափուկ բարձ դնելու և ուղղակի ժամանակավորապես հանդարտեցնելու համար են , որպեսզի իրենք իրենց գործը անեն»,-ընդգծեց պատգամավորը։
«Քանի դեռ Արցախը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում», ասվում է Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմի հայտարարության մեջ:
Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախում վաղուց հասկացել են, որ ՀՀ իշխանությունները «ձեռքերը լվացել են» Արցախի հարցից։ «Արցախում դա հասկացել են դեռևս 2020թ-ի նոյեմբերի 9-ին։ Ուղղակի այս երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց ամրագրում է իր թեզերը՝ այսինքն՝ հրաժարում Արցախից։ Հիմնականում վերջին այս մենախոսության ժամանակ՝ իբր թե մամուլի ասուլիսի, որը հատուկ նպատակ ուներ՝ վերջնական կնիքը դնել, այսինքն՝ փակել Արցախի հարցը հիմնովին և՛ միջազգային հանրության համար, և՛ ՀՀ մեր հայրենակիցների համար,և՛ ընդանրապես Արցախի բնակիչների համար։ Կարծում եմ, որ ԱԽ նիստի ժամանակ արված այդ հայտարարությունը շատ տեղին էր և բավականին իր մեջ էլ զգուշացումներ էր պարունակում Հայաստանի ներկայիս իշխանություններին և ցույց էր տալիս այն բոլոր վտանգները, որը կարող ենք ունենալ հետագայում»,-մանրամասնեց պատգամավորը։
Խոսելով Ալիևի այսօրվա հայտարարության մասին, թե «Արցախի հայերը մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում որևէ միջազգային խաղացողի հետ քննարկել, թե ինչպես ենք կազմակերպելու նրանց կյանքը մեր տարածքում», պատգամավորը կարծում է՝ Բաքվի որդեգրած քաղաքականությունն է տարբեր հոգեբանական ճնշումներ կիրառել արցախահայության վրա։ «Հիմա, իհարկե, դա շատ վատ ազդեցություն է թողնում, մարդկանց մեջ ինչ-որ խուճապ է առաջացնում, որովհետև մարդիկ լավ գիտակցում են, որ այսօր Հայաստանում ունենք իշխանություններ, որոնք Ադրբեջանի իշխանությունների հետ ունեն նույն տեսլականը Արցախի ապագայի, ինչու չէ նաև Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Մենք ամեն լուսաբաց դիմավորում ենք այն մտքով, որ նոյեմբերի 9 է սպասվում Արցախին և ընդանրապես հայությանը»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Արփինե Նավասարդյան