Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ
Քաղաքական
«Սա տեղավորվում է մեր տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելացած հետաքրքրության տրամաբանությունում, ինչի հետ կապված արդեն բազմաթիվ դրսևորումներ և նույնիսկ արդյունքներ մենք տեսնում ենք»,- ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնոլով ԱՄՆ- ի ջանքերով 17 հայ ռազմագերիների վերադարձին։
Քաղաքագետը նշում է՝ առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացներ են տեղի ունենում։ «Սեպտեմբերի 13-ից հետո էլ, երբ ռազմական գործողությունները կանգնեցին, նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշեց, որ Բլինքենը իրեն զանգել և պահանջել է կանգնեցնել ռազմական գործողությունները։ Այս անգամ էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ կարողացան գերիներ վերադարձնել։ Գերիների մասով այլ միջնորդություններ ևս եղել էին՝ մեկ անգամ Բրյուսելի, մեկ-երկու անգամ Ռուսաստանի միջնորդությամբ։ Ամեն անգամ հստակ նշվել է, թե ում միջնորդությամբ և ում ջանքերով է դա տեղի ունենում։ Դա նորմալ պրակտիկա է»,- ասաց Ղևոնդյանը։
Անդրադառնալով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույցին և դրա ընթացքում Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հարցին՝ Ղևոնդյանը կարծում է՝ Հայաստանը հետևողականորեն ձգտում է այնպիսի իրավիճակի, որի դեպքում Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով վարեն բանակցային գործընթացները։ «Արցախն ունի իր ընտրված պաշտոնյաները, իր նախագահը, իր իշխանությունները, պետական ինստիտուտները, և պետք է իրենք ներգրավվեն բանակցային գործընթացներում։ Իհարկե հիմա իրավիճակը բավականին փոխվել է, բայց այս առումով մոտեցումնները չեն փոխվել։ Շատ լավ է, որ Արցախը կարողանա ուղիղ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մտնի և, այստեղ, իհարկե Հայաստանի հետ խորհրդակցությունները, Հայաստանի ուղղորդումը և միջնորդությյունը պետք է լինեն այնքանով, ինչքանով դա հնարավոր կլինի,այնքանով, ինչքանով Արցախում նորաթուխ ռուսահայ պաշտոնյաները դրա հնարավորությունը կտեսնեն»,- ընդգծեց Ղևոնդյանը։
Նախօրեին Թուրքիայի պաշպանության նախարարը Բաքվում հայտարարել է, որ «Անկարան Երևանից ակնկալում է համապատասխան արձագանք Բաքվի «խաղաղության նախաձեռնություններին»։ «Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը «հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»,-հայտարարել է Հուլուսի Աքարը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ զարմանալի չէ, որ Թուրքիան Ադրբեջանի շահերը հաշվի է առնում և Հայաստանի հետ հարաբերություններում միշտ ներառում է Բաքվի շահը։ «Այս դեպքում ևս դա զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան համաձայնեցված քաղաքականություն են վարում՝ հատկապես Հայաստանի նկատմամբ»,-նշեց Ղևոնդյանը։
Այս հայտարարությունների ֆոնին խոսելով Պրահայում Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման սպասելիքների մասին՝ քաղաքագետը կարծում է, որ դա պարզապես արարողակարգային հանդիպում է լինելու երկու երկրների ղեկավարների միջև, որևէ պայմանավորվածության կամ համաձայնության ձեռք բերումը անիրատեսական է։ «Իհարկե այդ հանդիպումը եթե տեղի ունենա, չի լինելու ինչ-որ վճռական, առանցքային հարցերի կամ պայմանավորվածությունների հետ կապված։ Դա լինելու է ավելի շատ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների ուղիղ հանդիպում, որտեղ Հայաստանը և Թուրքիան ընդամենը արարողակարգային ողջույններով են փոխանակվելու և չեմ կարծում, թե դրանից ավելի լինի։ Նոր հանձնաժողովներ ստեղծելու, ստեղծված հանձնաժողովները կամ բանագնացների հանդիպումները ավելի ակտիվ դարձնելու համաձայնություններ գուցե լինեն,բայց ինչ-որ լուծումներ, սահմանի բացում և այլն, ենթադրող վերջնական համաձայնությունները մեծ հավանակությամբ բացառում եմ»,-ամփոփեց Ռոբերտ Ղևոնդյանը։
Արփինե Նավասարդյան