Ֆրանկոֆոնիան երկլեզու դրամատիկական արվեստանոցի սիրտն է. Սերժ Ավետիքյան
ՏեսանյութՀոկտեմբերի 2-ից մեկնարկել է Երկլեզու դրամատիկական արվեստանոցի 2-րդ շրջանը, որն անցկացվում է Երևանում և Գյումրիում: Ապրիլին հայտարարված ընդունելությանն առաջադրվել է 62 թեկնածու: Նախընտրական երկու փուլերի արդյունքում ընտրվել է 30 մասնակից՝ պրոֆեսիոնալ և նորավարտ արտիստներ, որոնցից 20-ը Երևանում, իսկ 10-ը՝ Գյումրիում: Մինչև 2023թ-ի ապրիլ նրանք հնարավորություն կունենան սովորել ֆրանսերեն, ծանոթանալ ֆրանսիացի և սփյուռքահայ արվեստագետների աշխատանքային մեթոդաբանությանը, թատրոնի և կինոյի ավանդույթներին:
Այսօր անցկացված ասուլիսում նախագծի ղեկավար, ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Սերժ Ավետիքյանն ընդգծեց, որ ցանկանում է՝ հայ երիտասարդները ֆրանսերեն սովորեն, քանի որ ֆրանկոֆոնիան արվեստանոցի սիրտն է: Ավետիքյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին և հաջորդ տարվա ապրիլին հայ երիտասարդ արտիստների հետ աշխատելու համար Հայաստան կժամանի 11 արվեստագետ:
Դասընթացների ավարտին ներկայացում կբեմադրի Բելգիայից հրավիրված բեմադրիչ Միշել Բերնարը: Բեմադրությունը նախատեսվում է ներկայացնել Ֆրանսիայում և Բելգիայում, իսկ այն ուսանողները, որոնք առանձնակի հաջողություններ կգրանցեն մասնագիտական և ֆրանսերենի ուսուցման հարցում, նախագծի ավարտին հնարավորություն կունենան պրակտիկա անցնել Փարիզի JLBM ստուդիայում:
Նշենք, որ այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Իլ դը ֆրանս շրջանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, SPFI ընկերության, KASA, Miassine հիմնադրամների, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Գյումրիի համայնքապետարանի աջակցությամբ: