Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Քաղաքական
ArmDaily-ի զրուցակիցն է արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
-Պարոն Ազիզյան, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է (խաղաղության պայմանագրում) Արցախի հարցը չներառելու մասին և դա վերահաստատեց Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում՝ հայտարարելով՝ մեր ընկալումն այն է, որ (խաղաղության պայմանագրի) մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է չլինել: Ինչո՞ւ է կասկածում Փաշինյանը, և որո՞նք են այն կողմնորոշիչները, որոնք կօգնեն նրան կողմնորոշվել՝ ներառե՞լ Արցախի հարցը, թե՞ ոչ:
-Այդ հայտարարությունը նորմալ է այնքանով, որքանով որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետությունն այլևս, ցավոք սրտի, դերակատար չէ: Մենք գիտենք, որ եռակողմ համաձայնագրի տրամաբանությունից ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի ռազմական առումով անվտանգության երաշխավորը չէ: Այսօր Արցախի անվտանգության փաստացի երաշխավորն առաջին հերթին Արցախի պաշտպանության բանակն է և ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ավելի շուտ հանդիսանում է ոչ այնքան որպես ռազմական, որքան ռազմաքաղաքական զսպման ուժ , քանի որ 2000 կոնտիգենտ ունեցող զորախումբը ռազմական առումով չի կարող լինել զսպող ուժ Ադրբեջանի համար:
Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանը փորձում է արցախյան հարցում Ռուսաստանից որոշակի զիջումներ կորզել, դա կարող է լինել տարածքների տեսքով կամ սուբյեկտայնության իջեցման տեսքով: Ամեն դեպքում, Ադրբեջանը ձգտում է ցանկացած գնով հասնել իր նպատակներին:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության կողմ ներկայացված է զուտ ֆորմալ առումով: Այսինքն՝ եթե այսօր հակամարտության անմիջական երաշխավորը չէ, ապա ի՞նչ հիմքով կարող է ՀՀ-ն գնալ բանակցությունների:
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, և Ադրբեջանն անցնում է ռազմական էսկալացիայի, Հայաստանը, որը անվտանգության երաշխավորը չէ, ի՞նչ է անելու: Իսկ ռուսական խաղաղապահ զորախմբի առումով մենք գիտենք, որ նրանք փաստացի Արցախում են և դե յուրե հանդիսանում են անվտանգության պատասխանատուն:
-Գիտենք, որ այդ (խաղաղության պայմանագրի) հիմքում դրվելու է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային փոխճանաչման հարցը: Հիմա, եթե Հայաստանը (ձեռքերը լվացել) է Արցախի հարցից, իսկ նույն հարցազրույցի ժամանակ էլ Փաշինյանը հանրությանը հորդորեց առերեսվել իրականությանը՝ նշելով, որ Արցախի հարցով հիմնական միջնորդները պատրաստ չեն ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախը Հայաստանի մաս, ինչպե՞ս է տեղի ունենալու տարածքային ամբողջականության ճանաչում առանց Արցախի խնդրին անդրադառնալու այն դեպքում, երբ Ադրբեջանն Արցախը համարում է որպես իր տարածքային ամբողջականության մաս:
-Ես չգիտեմ, թե ինչ տրամաբանությամբ է տարածքային ամբողջականությունը ճանաչվելու, միևնույն ժամանակ չեմ կարծում, որ Արցախի հարցը կարող է լուծված համարվել, եթե Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները ճանաչվեն ՀՀ-ի կողմից: Խնդիրն այն է, որ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի օկուպացված տարածքներով և մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները ներառյալ, այլև ամբողջ միջազգային հանրությունը: Դեռևս չի եղել միջազգայնորեն ճանաչված մի պետություն, որը որևէ տարածքով կճանաչի Արցախի անկախությունը: Այս տրամաբանության մեջ ես չեմ կարծում, որ Արցախի հարցը կարող է համարվել փակված, եթե ՀՀ-ն ճանաչի միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ համանախագահող երկրները, ճանաչելով անգամ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, այնուամենայնիվ, պարբերաբար շեշտում են հակամարտության չլուծված լինելու մասին և խոսում են խնդրի քաղաքական լուծման հրատապության և խնդիրը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու կարևորության մասին: Սա մենք կարող ենք տեսնել ինչպես Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ ստորագրված փաստաթղթի մեջ արձանագրված կետով, այնպես էլ առանձին-առանձին համանախագահ երկրների ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններում:
Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը զուտ տարածքային չէ, այն պատմաիրավաքաղաքական խնդիր է: Այս առումով պետք է գիտակցենք, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները պարզապես թույ չեն տալիս որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նստեն բանակցային սեղանի շուրջ և կարգավորման որևէ առաջարկ ներկայացնեն կամ հակամարտության շուրջ քննարկումներ իրականացնեն:
Հաջորդ հանգամանքը, որը ևս կարևոր է հասկանալ, այն է, որ ի սկզբանե համանախագահ երկրները իրականում ոչ թե ձգտել են հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը, այլ փորձել են խնդրի քաղաքական կարգավորման կառավարելիությունը վերցնել իրենց ձեռքը՝ դրանով ազդեցություն հաստատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա:
Մենք այսօր տեսնում ենք 2 ձուգահեռ ընթացող ձևաչափեր՝ մոսկովյան և բրյուսելյան, որոնք կարծես թե փորձում են հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ շրջանցելով ԼՂ-ի հակամարտությունը և ածանցելով այն այդ գործընթացից:
Հաշվի առնելով այն կարևորագույն հանգամանքը, որ 2 ոխերիմ հարևանների հարաբերությունների հիմնական խնդիրը եղել է և այսօր էլ մնում է ղարաբաղյան հակամարտությունը, իրատեսական չեմ համարում առանց հակամարտության վերջնական լուծման հասնել հարաբերությունների կարգավորման:
Տեսնում ենք, որ մոսկովյան հարթակը փորձում է խնդիրն առկախել, հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, իսկ ղարաբաղյան հակամարտությունը թողնել հետագային, քանի որ իր ներկայությունն Արցախում ազդեցություն է ապահովում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի վրա:
Հավաքական արևմուտքը փորձում է այս դերը Մոսկվայից խլել , և ինքը ստանձնել քաղաքական կառավարելիության դերակատարությունը: Այսինքն՝ այստեղ, կրկին նշեմ, որ պայքարն ընթանում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ դրա կառավարելիությունն իրենց ձեռքը վերցնելու շուրջ: Եվ այս տրամաբանության մեջ շատ դժվար է ասել, թե կողմերն ինչ վերջնական փաստաթղթի շուրջ պետք է գան ընդհանուր հայտարարի, որը կարող է իրապես լինել հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ:
-Պարո՛ն Ազիզյան, Փաշինյանի հարցազրույցից հետո Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց: Տեղյա՞կ եք, թե ինչ է քննարկվել:
-Մոտավորապես տեղեկացված եմ: Բայց, գիտեք, ընդհանուր առմամբ Արցախի հակամարտության հետ կապված քննարկումներից առաջ և հետո հրավիրվում է նմանատիպ խորհրդակցություն: ՀՀ-ի իշխանությունները մշտական կապի մեջ են Արցախի իշխանությունների հետ, վերջիններն էլ Անվտանգության խորհրդի կազմով քննարկումներ են իրականացնում: Տարբեր ձևաչափերով քննարկումներ են իրականացվում նաև արցախահայության հետ:
Իզաբելա Սուլթանյան