Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
Իրավական
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկի միջազգային դատարաններ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին,
«Այժմ ուսումնասիրում ենք կադրերը, մյուս գործընկեր կառույցների հետ աշխատում ենք, վաղը առավոտյան դիմում կուղարկենք Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան»,- ասաց նա:
Նշենք, որ տելեգրամ ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի և որի մեղավորները պետք է պատժվեն»:
Տեսանյութի հետ կապված ՊՆ-ից հայտնել են, որ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ չեն կարող հայտնել, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը, իսկ իսկության մասով, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է: