Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցն ըստ էության դավաճանական ինքնախոստովանություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոււյցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով նախօրեին Փաշինյանի ծավալուն հարցազրույցին:
«Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հանձնում է Հայաստանի շատ տարածքներ։ Նրա նպատակն է այս փոքր Հայաստանում, որը կմնա այս ամենից հետո, հաստատել իր բռնապետությունը, ինչի երաշխավորը կլինեն Թուրիքան և Ադրբեջանը»,- նշեց Իշխանյանը։
Ավետիք Իշխանյանի համոզմամբ` բանակցային ընթացքի մասին տեղյակ է Արցախի իշխանությունը։
«Փաշինյանը նույնպես ասում է, որ չկա մի բան բանակցային գործընթացում, ինչից տեղյակ չէ Արայիկ Հարությունյանը։ Կարծում եմ՝ ընթացքի մեջ է գործընթացը, երբ պետք է բանակցեն Արցախը և Ադրբեջանը։ Արցախում մի իշխանություն է, նախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է վաճառել իր հայրենիքը»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Ավետիք Իշխանյանի կարծիքով` խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հաջորդ բանը, որը կպահանջվի ռուսական ռազամաբազայի հեռացումը կլինի Հայաստանից, ՀԱՊԿ-ից դուրս գալը, ինչի մասին ինքն ակնարկեց, և ինչը քարոզում են «Հայաստանի գործակալները», այսպես կոչված արտախորհրդարանական ուժերը։
«Մենք կանգնած ենք Հայաստանի կորստի վտանգի առջև, և ամենացավալին այն է, որ լուրջ դիմադրություն չկա, կարծես բոլորս համակերպված ենք։ Արդեն պարզ է, թե ինչու 2018 թվականից սկսվեց Սահմանադրական դատարանի կործանումը, որովհետև այդ խաղաղության պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրությանը, դրա համար պետք էր ջախջախել դատարանը»,-ասաց նա։
Իշխանյանի կարծիքով` Փաշինյանը դեռևս 2000-ականներին հավաքագրված է եղել, որ վաճառի հայրենիքը հանուն փողի և իշխանության. «Ինչն ինքն ասում էր հստակ գծագրված քաղաքականություն է, որով իրենք եկան 2018 թվականին։ Ես համոզված եմ, որ ինքը դեռևս 2000-ականներին հավաքագրված է եղել, որ վաճառի հայրենիքը հանուն փողի և իշխանության։ Իր ասածը բլեֆ է, որովհետև աշխարհում բազմաթիվ են պետությունները, որոնց սահմանները հստակ գծված չեն, սակայն դրանք ճանաչված են։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Հարավային Ամերիկայի երկրներից, ավարտած Իսրայելով և իր հարևան երկրներով։ Ու իր մոտ, ցավոք, ստացվում հասարակությանը մոլորեցնելը»։
Իրավապաշտպանի խոսքով`Հայաստանի առաջին նախագահի հարցազրույցից պարզ էր` հստակ աջակցություն իր ծրագիրն իրականացնող այսօրվա իշխանությանը։
«Երկրորդ նախագահի խոսքից նկատվում էր անվճռականություն, խելացի պատասխաններ, սակայն վճռականության պակաս։ Ես չտեսա հավատ սեփական ուժերին։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը հնարավոր կլինի, եթե ընդդիմությունն ունենա հստակ ծրագիր, որով իշխանությանը ստիպված կլինի դուրս գալ երկխոսության։ Չկա անելանելի վիճակ, ինչպես նախագահն է ներկայացնում, ուղղակի պետք է փոխել պարտության խորհդրանիշ վարչապետին»,- եզրափակեց նա։