Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան
Քաղաքական
«Քըլըչի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ղեկավարները այնպիսի հայտարարություններ էին արել, որոնցով, ըստ էության, Հայաստանի նկատմամբ պահանջներ էին ներկայացնում, որ Հայաստանն ընդուներ Ադրբեջանի պահանջները, այսինքն` դրանք նույնիսկ ոչ թե նախապայման էին, այլ շատ հստակ պահանջներ էին։
Այս պայմաններում շարունակել բանակցությունները, ես կարծում եմ իմաստ չունի, իմ կարծիքով պետք է առկախել բանակցությունները»,-ArmDaily-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, որ մի քանի օրից Պրահայում կարող է տեղի ունենալ Փաշինյան -Էրդողան հանդիպումը։
Թուրքագետի կարծիքով՝ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպումից առանձնապես պետք չէ ակնկալիքներ ունենալ, ինչպես նաև պետք է բացառել, որ Թուրքիան կարող է միջնորդ լինել այս հակամարտությունում։ «Ո՞նց կարող է միջնորդ լինել մի երկիր, որը հակամարտության կողմերից մեկի ոչ միայն ավագ դաշնակիցն է, այլ դրդում է այն ագրեսիվ գործողություններին, որն Ադրբեջանն անում է։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն արվում են ո՛չ միայն Թուքիայի իմացությամբ, ո՛չ միայն համաձայնությամբ, այլ դրանք ուղղակի մաս են կազմում Թուրքիայի ավելի լայն, ավելի հեռու գնացող ծրագրի։ Նա ուղղակի օգտագործել է Ադրբեջանին։ Չեմ կարծում, որ այդ հանդիպումն ինչ-որ արդյունք կտա»,- նշեց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ եթե Թուրքիան առանց նախապայմանների վերադառնա բանակցային գործընթացի, այս պարագայում կարող ենք շարունակել բանակցությունները։ «Եթե Թուրքիայի ղեկավարները չանեն այնպիսի հայտարարություններ, որոնք բացահայտ Հայաստանի նկատմամբ ճնշման նպատակ ունեն, այդ դեպքում կարելի է շարունակել բանակցությունները, բայց այս պահին ինչ ունենք վերջին հանդիպումից հետո, եթե շարունակվի իրենց այդ դիրքորոշումը, կարծում եմ՝ բանակցությունները իմաստ չունեն»,- ընդգծեց թուրքագետը։
Սաֆրաստյանի գնահատմամբ՝ այս փուլում Ռուսաստանը և Թուրքիան իրենց հարաբերություններրում որոշակի առումով գտնվում են փոխկախվածության մեջ։ «Այնպես չէ, որ միայն Ռուսաստանն է Թուրքիայից կախված։ Կախվածություն կա կապված պատժամիջոցների հետ, որ Թուրքիան չի ենթարկվում Արևմուտքին, իր տարածքը բաց է պահում։ Թուրքիան էլ կախված է Ռուսաստանից։ Պարզվեց՝ Թուրքիան մոտ 24 մլրդ դոլար ստացել է միայն նրա համար, որ ռուս- ուկրաինական պատերազմի ընթացքում այստեղ են տեղափոխվել ռուսական բիզնեսը, խոշոր ընկերությունները»,- նշեց Սաֆրաստյանը։
Թուրքագետը փաստում է՝ Թուրքիան սկսել է միջնորդի դեր խաղալ, Արևմուտքից գնում է ապրանքներ, հետո վերավաճառում Ռուսաստանին, կամ հակառակը։ «Ռուսաստանից Թուրքիա են տեղափոխվել մի շարք մասնագետներ, մեծ թվով տներ են գնել Թուրքիայում, այսինքն՝ Թուրքիան օգուտ է ստանում այս ամենից, ինչպես և Ռուսաստանը, փոխկախվածություն կա երկուսի միջև։ Եվ սա, այսպես ասած, Ռուսաստանի «ձեռքերը կապում» է։ Բայց ես համոզված եմ, որ Թուրքիան չի հրաժարվում իր ռազմավարական նպատակից, որը հետևյալն է՝ օգտվելով Ռուսաստանի ներգրավվածությունից Ուկրաինայում, ուժեղացնել Թուրքիայի դիրքերը մեր տարածաշրջանում, և Ադրբեջանն էլ հենց դրա համար է օգտագործվում։ Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա ճնշում է գործադրում և փորձում է պարտադրել, որ գնա Ադրբեջանի պահանջներին ընդառաջ։ Այս ամենը, համոզված եմ, Թուրքիայում մտածված են անում, որ ինչպես իրենք են կարծում՝ թուլացնելով Հայաստանը, տարածաշրջանում թուլացնեն և Ռուսաստանին, աստիճանաբար տարածաշրջանում դառնան որոշիչ ուժ»,- մանրամասնեց Սաֆրաստյանը։
Թուրքագետի համոզմամբ՝ ԱՄՆ-ն միակ պետությունն է, որը կարող է ազդել Թուրքիայի վրա և ստիպել զիջումների գնալ։ «Թուրքիայի կախվածությունը ԱՄՆ-ից շատ մեծ է և՛ ռազմական ոլորտում, և՛ ֆինանսական, և՛տնտեսական։ Այստեղ ուղղակի ԱՄՆ-ի համար ռեսուրսներ ներգրավելու խնդիրն է, եթե իրենք որոշեն ինչ-որ հարց իրենց համար կարևոր է և պետք է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, որ Թուրքիան գնա զիջումների, ամերիկացիները դա կարող են անել, և Թուրքիան կգնա այդ զիջումներին։ Երբ Թուրքիան ասում էր, որ երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք նրա դեմ պատժամիջոցներ կմտցնենք, Բայդենը ճանաչեց, Էրդողանը մի երկու հայտարարություն արեց ու ոչ մի ռեալ քայլ թուրքերը չարեցին ԱՄՆ- ի դեմ»,-եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Արփինե Նավասարդյան