Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան
Քաղաքական
«Այդ դիտորդական առաքելությունը չի կարողանալու զսպել Բաքվի ցանկություններն ու լուծել Հայաստանի անվտանգային խնդիրները, որևէ կերպ չի մոտեցնելու Սյունիքի անվտանգության հարցը, որովհետև եթե Ադրբեջանը ցանկացավ հարվածել, հարվածելու է նաև այդ դիտորդներին, ու դու չես կարող ինչ-որ ձև ապացուցել, որ դա Ադրբեջանն էր»,- ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը։
Բադալյանը նկատում է՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին Հայաստանի տարածքում են, պետք է հասկանալ՝ սահմանի ո՞ր երկայնքով են տեղակայվելու դիտորդները։ «Եթե դու բերում ես միջազգային դիտորդներ, ո՞ր գծի վրա ես դնում, որն այս պահի դրությամբ կա՞։ Եթե դնում ես առկա գծի վրա, փաստացի դու արդեն սահման ես գծում. ստացվում է՝ այդ դիտորդները հայ-ադրբեջանական ապագա սահմանագծի վրա են կանգնում, բայց չէ՞ որ այսօր ադրբեջանական կողմը Հայաստանից տարածքներ է վերցրել և փաստացի ստացվում է, որՀայաստանը կամավոր զիջում է այդ տարածքները Ադրբեջանին»,- ընդգծեց Բադալյանը։
Ըստ նրա՝ եթե դիտորդական առաքելության մեջ լինելու են Անգլիայի, ԱՄՆ-ի ,ՆԱՏՕ-ական երկրների ներկայացուցիչներ, ապա դա բացասաբար է դիտարկվելու ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի կողմից։ «Որովհետև Իրանը շատ լավ հասկանում է, որ լինելու են սարքավորումններ, և այդ սարքավորումներն ուղղված են լինելու ոչ միայն Ադրբեջանին և ոչ այնքան Ադրբեջանին, ինչքան Իրանին և զբաղվելու են հետախուզությամբ»,- նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը կարծում է՝ ՀՀ իշխանությունները կատարում են իրենց առջև դրված քայլերը, մասնավորապես, թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս քայլը ոչ այնքան ուղղված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերականգնմանը, որքան միջազգային աշխարհաքաղաքական հայտնի կենտրոնների ռազմական ներկայացուցիչների մուտքի ապահովումը այս տարածաշրջան»,- մանրամասնեց Բադալյանը։
Նրա համոզմամբ՝ երբ վարչապետը հայտարարում է դիտորդական առաքելության մասին, նշանակում է այդ գործողություններն արդեն ընթացքի մեջ են։
Արփինե Նավասարդյան