Աշխարհը փլուզվում է. պիտի կարողանանք մեր երկիրը փոթորկված օվկիանոսի միջով հասցնել խաղաղ նավահանգստի. վարչապետ
Տեսանյութ«Մենք պետք է շարժվենք երեք հիմնական ռազմավարական ուղղություններով. առաջինը՝ Հայաստանի շուրջ տևական խաղաղություն, կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդ՝ կրթության ոլորտի բարեփոխումները պետք է շարունակվեն և այս ոլորտում պետական խոշոր ներդրումներ են պետք, և երրորդ՝ Զինված ուժերի հետևողական բարեփոխումները»,-կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է և պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ: «Այսօր ես կասեմ, որ, գոնե, Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, ու մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ, իսկ սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն»,- ընդգծեց վարչապետը։