Լուծում կարող է լինել սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան
Տեսանյութ«Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային գործընկերների հետ և համաձայն ենք բոլոր կոչերին, ընդգծումներին, որ հարցերը դիվանագիտական խաղաղ ճանապարհով պետք է լուծենք, բայց Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից այս գործողությունների նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Սակայն կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որքան էլ նման պայմաններում բոլորը լարվածությամբ սպասում են լուրերի։
«Սա հասկանալի է, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա, որ այդ դառնությամբ, այդ կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկետրոնացած լինի իր աշխատանքի վր: Մեր պաշտպանունակության համար, տնտեսության, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարեւոր է: Ես այդ հորդորով պետք է դիմեմ բոլորին:
Մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, Անվտանգության խորհուրդը, դիվանագիտական համակարգը անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, եւ մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձեւակերպելու եւ նաեւ մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ։
Պետք է հստակ արձանագրենք, որ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է սկզբունքորեն պաշտպանենք»,-ընդգծեց Փաշինյանը։