Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը
Տեսանյութ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես գալիս այսօր Փարիզում ունեցած հանդիպումից հետո։
Էմանուել Մակրոնը մասնավորապես նշեց, որ Ֆրանսիան սեպտեմբերի 14-ից սկսած պահանջում է, որ Ադրբեջանը հետ քաշի զորքերը Հայաստանի տարածքից։ «Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի բացակայությունը չի արդարացնում ներխուժումը այլ պետության տարածք»,- ասաց Մակրոնը։
Նա հայտնեց, որ մի քանի ժամից խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնելով 2020-ի դաժան պատերազմը, Մակրոնը շեշտեց, որ ամեն ինչ պետք է անել ստատուս քվոն պահպանելու եւ որ դիվանագիտությունը պիտի վերսկսվի։
Ֆրանսիայի նախագահը խրախուսեց Փաշինյանի քաջությունը՝ նոր առաջարկ անելու տարածաշրջանի ապագայի վերաբերյալ, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ առաջարկի մասին է խոսքը։
Մակրոնը պատրաստակամություն հայտնեց նաեւ նպաստել Հայաստան-Թուրքիա բարդ երկխոսությանը։ «Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնելու ձեր երկրի եւ տարածաշրջանում խաղաղության համար, որպեսզի ձեր երկիրը վերագտնի իր սահմանները»,- խոսքն ուղղելով Փաշինյանին՝ եզրափակեց Էմանուել Մակրոնը։
Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Մակրոնին ընդունելության եւ ՄԱԿ-ում քննարկում հրավիրելու համար իբրեւ նախագահող, վերահաստատեց Հայաստանի պահանջը՝ Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից։ Նա հիշեցրեց, որ թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա չեն կատարվել, սակայն ԱՊՀ համաձայնագիրը ստորագրելիս բոլոր երկրները ճանաչել են միմյանց վարչական սահմանները։ Եվ քանի որ իրավիճակը լարված է մնում, Փաշինյանը նշեց, որ ակնկալում է Ֆրանսիայի՝ իբրեւ նախագահող երկրի եւ ողջ միջազգային համայնքի աջակցությունը։