Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան
Քաղաքական
«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանում ընտրություններ ընդանրապես տեղի չեն ունեցել, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ընտրությունների անվան տակ իրականացվում է իշխանազավթում տարբեր օղակներում»,- ArmDaily-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
«Կիրակի օրվա գործընթացին ոչ մի դեպքում պետք չի որպես ընտրության վերաբերվել՝ անկախ արդյունքներից, թե որտեղ է ՔՊ-ն հաղթել, որտեղ է պարտվել։ Այնտեղ որտեղ ՔՊ-ն պարտվել է, հարց է առաջանում, թե ո՞ր քաղաքական ուժին է պարտվել։ Պարզվում է՝ պարտվել է ՔՊ 2-ին կամ ՔՊ 3-ին, որովհետև եթե հաղթող կողմը Սուրեն Սուրենյանցի կուսակցությունն է կամ «Ապրելու երկիր»-ը, դժվար է ասել ՔՊ-ն պարտվե՞լ է, թե՞ չի պարտվել», - ընդգծեց Ղազարայնը։
Նրա պնդմամբ՝ գրեթե բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են միայն իշխանական կուսակցությունները։ «Սա նման է նրան, որ 5 տարի առաջ բոլոր ընտրություններում հաղթում էին Հանրապետական կուսակցության, ԲՀԿ-ի կամ Դաշնակցության ներկայացուցիչները, այսինքն՝ էլի իշխանական կուսակցության ներկայացուցիչները»,-ընդգծեց նախկին դեսպանը։
Ղազարյանը կարծում է՝ Հայաստանում դեռևս չի հաջողվում անցկացնել ընտրություններ, որին կմասնակցեն կամ որի ընթացքում առավելություն կունենան այլ քաղաքական հայացքներ ունեցող ուժերը, ոչ թե իշխանամետները։ «Չի կարելի այս ընտրությունների արդյունքները որպես ընտրություն դիտարկել։ Մի տեղ կարող է կոնկրետ ՔՊ կուսակցության քվեները մի քիչ շատ են, բայց մյուս դեպքում մի քիչ քիչ են, դա հարյուրերորդական նշանակություն ունի, որովհետև ընտրությունը միայն քվեարկությունը չի, ընտրությունը մի ամբողջ քաղաքական համակարգ է, որի ոչ մի բաղադրատարրը Հայասատանում չի գործում»,- նշեց Ղազարյանը։
Նա հիշեցրեց՝ նախորդ ՏԻՄ ընտրություններն էլ հարթ չեն ընթացել։ Համայնքներում, որտեղ ՔՊ-ական թեկնածուները պարտվել են, քրեական գործեր են հարուցվել հաղթող թեկնածուների նկատմամբ։ «Նախորդ ՏԻմ ընտրությունների ժամանակ, ՔՊ-ն, երբ իր ցուցակի առաջին համարը Շիրակի մարզպետն էր, Գյումրու քաղաքապետի ընտրություններում պարտվեց, հետևանքն այն եղավ , որ «Բալասանյան դաշինքին», որն ամենաշատ ձայնն էր հավաքել, առաջարկվեց ՔՊ-ի հետ համագործակցել, քաղաքապետ ընտրել ՔՊ-ի ներկայացուցչին, չհամաձայնվեցին։
Հարուցվեց քրեական գործ այդ դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ,հետո համաձայնեցին, հիմա Գյումրու քաղաքապետը ՔՊ-ի ներկայացուցիչն է։ Վանաձորում ի՞ նչ եղավ. Մամիկոն Ասլանյանը ստացավ առավելագույն ձայներ, առաջարկեցին, որ համագործակցի ՔՊ -ի հետ։ Մամիկոն Ասլանյանը չհամաձայնվեց, հարուցվեց քրեական գործ, նա կալանավորվեց և մինչև հիմա գտնվում է կալանքի տակ, այսինքն՝ սրանց պատկերացրած ընտրությունները այս որակի են»,- մանրամասնեց Ղազարյանը։
Նա նաև նկատեց, որ շատ համայնքներում հաղթած ՔՊ-ական թեկնածուները նախկինում քաղաքական այլ ուժի ներկայացուցիչներ են եղել։ «Վայոց Ձորի մարզում այսպես կոչված ՔՊ-ի հաղթանակած թեկնածուները Հանրապետական կուսակցության նախկին անդամներ են։ Մի քանի օրի հարց է Իշխանասարը կմնա հայկակա՞ն, թե՞ կդառնա ադրբեջանական ու ընդանրապես կարևոր չի, թե Իշխանասարում 200 կամ 300 հոգուց ով ոնց է քվեարկել։ Մեր մարտահրավերները սկզբունքորեն այլ են։ Եթե Վայոց Ձորի Արենի կամ Եղեգիս համայնքում նախկին հանրապետականները դարձել են ՔՊ-ական ու համայնքի ղեկավար,դա չի այդ համայնքների խնդիրը։ Այդ համայնքների խնդիրն այն է, որ դրանք ընդհանրապես առաջիկա մի շաբաթվա մեջ Հայաստան կկոչվե՞ն թե՞ ոչ»,- ամփոփեց Էդգար Ղազարյանը։
Արփինե Նավասարդյան