Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն
Քաղաքական
«Դա տեղի է ունեցել հակաիրավական ձևով, առանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Դա նշանակում է՝ կան, այսպես ասած, գաղտնի պայմանավորվածություններ, կամ առնվազն, ինչպես հիմա ասում են, ուղիղ կապ ՀՀ իշխանությունների և Թուրքիայի համապատասխան մարմինների միջև»,-ArmDaily-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով՝ ազգությամբ քուրդ ազատամարտիկներ Աթիլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի՝ Հայաստանից Թուրքիա արտահանձնելու մասին տեղեկություններին։
Ըստ Ալավերդյանի՝ դատապարտելի է նաև գործընթացի գաղտնիությունը, այն, թե ինչպես է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը Թուրքիային փոխանցել երկու քուրդ գործչի։ «Դատապարտելի է այդ գաղտնիությունը, այդ, այսպես ասած, «հետին դռներով» կամ ինչպես ասում են «սև մուտքերով» հանձնելը։ Դա խոսում է նրա մասին, որ Հայաստանը շարունակում է, այսպես ասած, «փոքր նվերներ» անել զուտ նրա համար, որ ոչ թե Հայաստանը շահի, այլ Հայաստանի այսօրվա իշխանությունները «աչք մտնեն» Թուրքիայի ղեկավարությանը», - նշեց մարդու իրավունքների առաջին պաշտպանը։
Ալավերդյանը կարծում է՝ հաշվի առնելով Թուրքիայում քրդերի հանդեպ ունեցած վերաբերմունքը, հանձնումից առաջ պետք էր համոզվել, արդյոք այդ քուրդ գործիչները չե՞ն ենթարկվի հետապնդումների։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանության գործողությունները պարունակում են միջազգային հանցագործության հատկանիշներ։ «Այստեղ գործ ունենք ոչ թե միջպետական, այլ միջանձնային հարաբերությունների հետ։ Նրանք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են միջազգային հանցագործության հատկանիշներ, խնդիրը դա է։ Ինչի՞ համար են միջազգային կազմակերպությունները. որ այն ինչ արվում է՝ լինի իրավական, և այդ անձինք գտնվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո։ Սա ոչ թե միջպետական հարաբերություններ են, այլ միջանձնային. դա զարմանալի չի, քանի որ տեսնում ենք՝ իշխանությունը Հայաստանում աստիճանաբար անցնում է եթե ոչ մեկ անձի, ապա մեկ շատ նեղ խմբի ձեռքը»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ քրդերի արտահանձնման գաղտնիությունը կարող է վատ հետևանքներ ունենալ։
«Այս գաղտնիությունը կարող է քուրդ երիտասարդների կյանքի համար վտանգ հանդիսանալ։ Մենք ժամանակին փորձում էինք այնպես անել, որ հետ վերադարձվող մարդկանց չվնասեն այն երկրում, որտեղ վերադարձվում են, այս դեպքում Թուրքիայում , մանավանդ կրկնում եմ ՝ քրդական գործոնը միանշանակ չի ընկալվում և ընդունվում Թուրքիայի պետոության կողմից»,- նշեց նախկին օմբուդսմենը։
Ալավերդյանի կարծիքով՝ եթե Թուրքիայում քրդերի հանդեպ հետապնդումներ լինեն կամ կյանքին սպառնացող գործողություններ,ապա միանշանակ վատ վերաբերմունք կսկվի քրդերի կողմից մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։ «Եթե դա տեղի ունենա, իհարկե մեծ թշնամանք կարող է առաջ գալ։ Իսկ Թուրքիայից նման վերաբերմունք բացառել պետք չէ, քանի որ հանձնումը պաշտոնական չէ փաստորեն։ Չկան անգամ այն երաշխիքները, ինչ նախատեսվում է միջազգային իրավունքով։ Միջազգային իրավունքը ասում է՝ չի կարելի որևէ մեկին հանձնել այլ երկրի, եթե չկա այն համոզմունքը, որ այնտեղ նրան չի սպառնում որևէ վտանգ»,-ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։
Արփինե Նավասարդյան