Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահ
Քաղաքական
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ:
Ցեղասպանությունից հետո Հնչակյան կուսակցությունն այն առաջատար կառույցներից էր, որը կարողանում էր կազմակերպել ու կանոնակարգել ամբողջ աշխարհով սփռված հայության համայնքային կյանքը, հիմնում էր դպրոցներ ու մշակութային կենտրոններ՝ մեծապես նպաստելով Սփյուռքում հայապահպանության գործին:
Հայաստանի անկախությունից հետո կուսակցությունն անմիջականորեն ներգրավվեց մեր պետականության կերտման գործին, մշտապես դրսևորելով պետականակենտրոն ու սկզբունքային վարքագիծ, իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելով նորանկախ Հայաստանի հզորացմանն ու կայացմանը: Եվ այսօր էլ Հնչակյանը կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին:
Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին ու համակիրներին կուսակցության 135-ամյակի առթիվ և մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ` հանուն մեր ընդհանուր ազգային նպատակների իրագործման, հանուն հզոր ու զարգացող Հայաստանի», - ասվում է ուղերձում: