Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին
Քաղաքական
«Այս դժվարին ժամանակահատվածում Տիգրան Ավինյանի նշանակումը ես գնահատում եմ որպես շեղում իրական քաղաքական օրակարգից և իրական խնդիրներից»,- ArmDaily-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ավագանու նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը։
Նշենք, որ այսօր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստանձնեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։
«Նույնիսկ այս պարագայում, երբ մենք հասկանում ենք, որ ստվերային կառավարումը ինքն էր իրականում անում, և մենք դա տեսել ենք, մենք հասկանում ենք, որ այս պարագայում այս նշանակումը ուղղակի նորից քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է։ Մեզ չեն պատրաստում, որ տեղի է ունենալու հարձակում՝ ընդհուպ, որ մեր տարածքային ամբողջականությունը խաթարվելու է աննկարագրելի ձևով։ Այդ մասին չեն ուզում խոսել։ Նման նշանակումներով ուզում են ասել՝ հանդարտվեք, հանգիստ եղեք, ցեղասպանվելուց առաջ ոչ մի բանի մասին մի մտածեք»,- ասաց Փոստանջյանը։
Նիստի ընթացքում Ավինյանի ընտրությունը բավականին հարթ անցավ. որևէ սուր հարց, ելույթ կամ հայտարարություն չհնչեց։ Ավագանու ընդդիմադիր նախկին անդամից հետաքրքրվեցինք՝ եթե այսօր ներկա լիներ նիստին, ինչպե՞ս կդիմավորեր Ավինյանին և ինչպե՞ս կընդուներ նրա նշանակումը, Փոստանջյանը պատասխանեց. «Եկեք արձանագրենք, որ այլևս ՀՀ-ում ոչ մի տեսական ինստիտուտներ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները, գոյություն չունեն։ Հիմա մեր օրակարգը Ավինյանի նշանակո՞ւմն էր, հատկապես, որ առանց այդ թղթի վրա նշանակելու էր իրենք են գործառույթները իրականացնում։ Մենք բոլորս հասկանում ենք, նրան այնտեղ են նշանակում, մի երկու հոգու այստեղ են նշանակել։ Այսինքն՝ մենք փոխարենը ինքներս որոշում կայացնենք, որ ստեղծում ենք ճգնաժամային կառավարման մարմին, ոչինչ չենք անում։ Ոչինչ չի փոխվելու մինչև իրեն նշանակելը և իրեն նշանակելուց հետո»։