Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթների և բարեկամներին լավություն անել պետք չէ. Ավինյան
ՏեսանյութԵրևանի ավագանու արտահերթ նիստին Տիգրան Ավինյանը իր ելույթի սկզբում խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ՀՀ ինքնիշխանության համար մղված մարտերում զոհված զինվորների հիշատակը:
«Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը: Ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն: Մենք բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով»,- ասաց Ավինյանը:
Ելույթում անդրադառնալով նոր պաշտնի անցնելուն՝ Ավինյանը նշեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար:
«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: Վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին: Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք։
«Մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր՝ տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք: Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի այն միջավայրի հետ, որն իրեն շրջապատում է: Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ: Այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները: Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթների և բարեկամներին լավություն անել պետք չէ»,- ասաց Ավինյանը: