Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում
Քաղաքական
«Կուտականում կրակոցներ եղել են ,բայց այս իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան»,-ArmDaily-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
Բնակիչները տարհանվել են, մնացել են միայն տղամարդիկ՝ գյուղը պաշտպանելու համար։ Ավետյանի խոսքով ՝ մնացած համայնքներում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է։ «Այսօրվա դրությամբ չունենք զոհեր ու վիրավորներ։ Ընդհանուր գծով նորմալ է մեր մոտ»,- նշեց Ավետյանը՝ հավելելով, որ փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, գյուղերի ուղղությամբ չեն եղել կրակոցներ, թշնամին միայն դիրքերի ուղղությամբ է կրակել։
Հիշեցնենք՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առավոտյան Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Գեղարքունիքի սահմանապահ Կուտական համայնքի բնակիչներից ահազանգել են, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: «Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ»,- գրել էր պատգամավորը։
ՊՆ էլ հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։