Ծնվել և մեծացել եմ «3-րդ մաս»-ում, այդքանը բավարար է. բլից հարցազրույց դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Երեք բառով նկարագրեք ձեզ:
- Նպատակասլաց, պատասխանատու, ազնիվ։
Որո՞նք են ձեր դրական կողմերը:
- Հնարավորինս ազնիվ եմ և պարտաճանաչ։
Իսկ բացասական կողմե՞րը:
- Հավատում եմ շատ, վստահում` քիչ։
Ձեր թուլությունը:
- Չափից ավելի ուղղամտությունը։
Որպես գեղեցիկը գնահատող մարդ` ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:
- Աշխարհը կփրկի սերը, հոգատարությունը, բարությունը՝ մարդկանց և բնության նկատմամբ։ Իսկ ամենայն սեր գեղեցիկ է։
Ձեր կարգախոսը։
- Միշտ առաջ։
Ինչի՞ց եք վախենում:
- Չհացնելուց, չհասցնել տեսնել աշխարհն իր գեղեցկության մեջ, չհացնել սովորել հնարավորը։
Ի՞նչը կփոխեիք Ձեր մեջ:
- Կյանքի իմաստը զարգացման մեջ է, ուստի և ծնված օրվանից իմ պատկերացումների շրջանակներում իմ մեջ փոխել և փոխում եմ դեպի զարգացում այն ամենն, ինչը հնարավոր է։
Ու՞մ հանդեպ եք ձեզ մեղավոր զգում:
- Ծնողներիս, սիրելիներիս, հարազատներիս, այն բոլոր մարդկանց առաջ, ում կյանքը չեմ կարողանում դարձնել ավելի լավը։
Ի՞նչի համար եք զղջում:
- Ես կասեի՝ ավելի շատ ափսոսում։ Ափսոսում եմ բոլոր այն չսովորածի համար, որ այլևս դժվար թե հասցնեմ․ Օրինակ, կուզենայի դաշնամուր նվագել սովորել։
Ե՞րբ եք ստում:
- Կարող եմ չասել ճշմարտությունը կամ ամբողջ ճշմարտությունը՝ պայմանավորված բարոյական, իրավական պատճառաբանություններով։
Ի՞նչն է Ձեզ զայրացնում:
- Անպատասխանատու վարքագիծը։
Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են Ձեր վրա:
- Կարծում եմ՝ չեն փոխի, երբ դրանցից որևէ մեկն ունենամ))։
Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է:
- Արտաշես I արքան։
20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:
- Վազգեն Վեհափառի։
Ձեր կյանքի ամենամեծ սխալը:
- Կյանքում յուրաքանչյուր սխալից փորձել եմ դասեր քաղել, և որքան մեծ է եղել սխալը, այնքան շատ բան եմ սովորել։
Ձեր վատագույն սովորությունը։
- Վատ սովորությունների դեմ պայքարի հարցում միայն մեկում եմ անհաջողության մատնվում՝ չափից ավելի քաղցրավենիք ուտելը սահմանափակելու))։
Չսիրելի եւ սիրելի զբաղմունքներ:
- Սովորաբար, չսիրած զբազմունքով չեմ զբաղվում, իսկ որպես սիրելի զբաղմունք՝ չափազանց շատ եմ սիրում զբոսնել, դիտել ֆիլմեր, ներկայացումներ, հետաքրքիր և խելացի մարդկանց հետ զրուցել։
Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:
- Ես հայ քրիստոնյա եմ, և դրանով ամեն ինչ ասված է։
Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել:
- Ամենաշատը կարևորում եմ այն, որ դրանք արդեն հաղթահարված են։
Մանկական եւ ոչ մանկական չարաճճիություններ:
- Ունեցել եմ բուռն և հետաքրքիր մանկություն։ Ծնվել և մեծացել եմ «3-րդ մաս»-ում։ Կարծում եմ՝ այդքանը բավարար է։
Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:
- Ես աշխատում եմ մարդկանցից պահանջել այն, ինչը նրանք պատրաստ են տալ, ուստի և չհիասթափվել։
Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում:
- Երևույթներին վերաբերվելով փիլիսոփայորեն՝ «Սա էլ կանցնի»։
Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել։
- Միշտ չէ, որ հաջողվել է լինել համբերատար այնքան, որքան որ կցանկանայի լինել, միշտ չէ, որ չեմ զայրացել այն բոլոր դեպքերում, երբ կարելի էր չզայրանալ։
Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը:
- Առողջ ընտանիք, խաղաղ երկիր։
Ամենաուրախ եւ ամենատխուր օրը։
- Ամենաուրախ՝ զավակի ծնունդ, իսկ ամենատխուրը չէի ցանկանա մտաբերել։
Ի՞նչ կցանկանայիք նվեր ստանալ:
- Ամենալավ նվերը երեխայիս ժպիտն է։
Ձեր խենթություններից:
- Հրապարակման ենթակա չեն։
Ու՞մ կցանկանայնիք նմանվել։
- Աշխատասիրությամբ և անձնազոհությամբ՝ հորս, բարությամբ և կամեցողությամբ՝ մորս։
Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:
- Մայրս
Կենդանիներ սիրո՞ւմ եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում:
- Կենդանիներ շատ եմ սիրում, բնության ստեղծած ամեն ինչ կատարյալ է, ուստի ինձ չէի նմանեցնի որևէ կենդանու։
Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար:
- Ամեն ինչ
Ինչ են խոսում ձեր ուսանողները Ձեր մասին։
- Հուսով եմ՝ մեծ մասամբ դրական են արտահայտվում
Ձեր ընտրյալը:
- Իմ ընտրյալն իմ երջանկության աղբյուրն է։
Ի՞նչ հոգսեր ունեք:
- Բոլոր նորմալ մարդկանց հոգսերից։
Ո՞ր մոլախաղում եք անպարտելի:
- Մոլախաղերով սովորաբար չեմ տարվում։
Զանգ ԲԴԽ-ից...։
- Իսկ ինչի՞ն է վերաբերում զանգը։
Խորհրդակցական սենյակում։
-Խորհրդակցական սենյակը միայն պատերը չեն. դա գաղափար է, որի իմաստն այն է, որ դատավորը որոշումները պետք է կայացնի ինքնուրույն, իսկ կոլեգիալ քննվող գործերի դեպքում՝ քննարկումների, բանավեճերի արդյունքում:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ի՞նչ անել երթեւեկության մշակույթը բարձրացնելու ուղղությամբ։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը Ձեզ հարցնում է՝ Ձեզ երբևէ չտրված հարցը, որին կցանկանայիք պատասխանել:
-Կարծես թե հնարավոր բոլոր հարցերն ինձ արդեն տրվել են։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի