31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
«Այս քաղաքական էլիտայի համար նորմալ է. 31 միլիոն՝ 12 զուգարաններ վերանորոգելու համար, Երևանի քաղաքապետարանը 24 միլիոն դրամ տալիս է 60 հազար հատ ցախավել գնելու համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն». ArmDaily-ի հետ զրույցում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար:
«Սա բացարձակապես նորմալ է։ Քանի դեռ չկա ադեկվատ հանրային արձագանք, քանի դեռ հասարակությունը շարունակում է բողոքել բացառապես և հիմնականում ֆեյսբուքյան ստատուսներով, այս իշխանությունն անելու է՝ ինչ ուզում է։ Մենք տեսանք, թե Եռաբլուրում ինչպիսի դաժանությամբ ոտատակ տվեցին զինվորների ծնողներին, ովքեր ընդամենը մեկ բան էին ասում՝ սա մեր սուրբ վայրն է, մի՛ պղծեք ձեր ներկայությամբ այս վայրը»,- ասաց Զոհրաբյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ եթե նախկինում նմանատիպ բան լիներ, ապա արևմտյան գրանտներով աշխատող բոլոր սորոսական կազմակերպությունները զուգարանների պատկերներով շապիկներով փողոցներում պիկետներ էին արել, նստացույցներ, անգամ հացադուլներ էին հայտարարել։
«Բայց այսօր չկա քաղաքացիական հասարակություն, քանի որ քաղհասարակության մեծ մասն ինտեգրված է այս իշխանությանը, մյուս մասն էլ այս իշխանության քաղաքական և հանրային շահն է սպասարկում։ Մենք անընդհատ քաղհասարակություն չլինելու մասին բողոքելու փոխարեն պիտի կարողանանք ամեն ինչ սկսել զրոյից, այդ թվում նաև քաղհասարակություն պիտի ստեղծենք, որպեսզի այս զարհուրելի, նողկալի երևույթների դեմ հանդես գան և արթնացնեն հանրությանը։ Սպասել, որ հասարակությունն ինքն իրեն կազմակերպվելու է և դուրս է գալու՝ չի լինելու։ Դա իրենց վրա պետք է վերցնեն կա՛մ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչն այս պահին չի ստացվում, կա՛մ քաղհասարակությունը, որն այսօր չկա»,- ասաց նախկին պատգամավորը։
Ըստ Զոհրաբյանի՝ 31 միլիոն դրամն այսօր կարելի էր շատ ավելի նպատակային և անհրաժեշտ օգտագործել։
«Եթե դուք տեսնեք, թե ինչ վիճակ է առաջնագծում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԱԺ ամբիոնից, որ մենք փողի խնդիր չունենք, դա զարհուրելի է։ Հիմա փողոցներում ընկած պեչենի, չոր սպիրտ և նասկի են հավաքում։ Նիկոլ Փաշինյանը գոռգոռում էր, որ մայկա-տրուսիկ անգամ չկա, իսկ այսօր չկա ոչ միայն մայկա-տրուսիկ, այլև չկան սաղավարտներ, չկան զրահաբաճկոններ, ոչինչ չկա այսօր։ Այդ 31 միլիոն դրամը, քաղաքապետարանի 60 հազար ցախավելի համար հատկացված 24 միլիոն դրամը կարող էր շատ ավելի ճիշտ և հասցեական ուղղվել՝ թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ վերջին եռօրյա պատերազմում անվասայլակին գամված վիրավորներին արտասահմանում վերականգնողական կենտրոններում բուժվելու համար, թե՛ տեղահանված արցախցիներին։ Միայն այս վերջին պատերազմի ընթացքում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 7600 բնակիչ տեղահանվել է, կարող էր ուղղվել նրանց առաջնահերթ կարիքները հոգալուն։ Ես կարող եմ մեկ ժամ թվարկել, թե որտեղ կարող էր շատ ավելի արդյունավետ ուղղվել այդ գումարը»,- ասաց Զոհրաբյանը։