Ի՞նչ նպատակով է ԱԺ Բևեռը վաղը հանրահավաք անցկացնելու.Վահե Գասպարյանը մանրամասներ է հայտնել
Քաղաքական
«Վաղը հանրահավաքի ժամանակ մենք ավելի շատ կխոսենք ոչ թե միջազգային խաղաղապահների տեղակայման,այլ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ ստանալու, մասին, որովհետև միջազգային խաղաղապահների տեղակայումը խիստ ժամանակատար գործընթաց է,պահանջում է ՄԱԿ-ի որոշումներ, նիստեր, շատ երկրների դիմում-համաձայնություն»,- ArmDaily-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովրդավարական Բևեռի Խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ի հանրահավաքի օրակարգի գլխավոր հրամայականները երեքն են։ «Երեք կետ ենք մենք նշել՝ ինքնապաշտպանություն, ՀԱՊԿ-ից դուրս գալ և միջազգային խաղաղապահ ուժեր, բայց վաղը մենք ավելի շատ կխոսենք երրորդ կետի վերաբերյալ։ Ցավոք սրտի վիճակը հիմա այնպիսին է,որ մենք ժամանակ չունենք,վտանգը մեր երկրի վրա կանգնած է, և մենք օրհասական պահ ենք ապրում,հետևաբար պիտի արագ լուծում գտնենք, իսկ միակ արագ լուծումը տվյալ դեպքում ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակ ստանալն է։ Ցանկացած երկիր կարող է ստանալ այդ կարգավիճակը՝ ընդամենը դիմելով ԱՄՆ-ին, և այդ որոշումը կայացվում է ընդամենը նախագահի հրամանագրի տեսքով, այսինքն՝ դրա համար չի պահանջվում Կոնգրեսի հաստատում, վավերացում և այլն»,- նշեց Գասպարյանը։
Ըստ նրա՝ նման կարգավիճակ ստանալը հնարավոր է միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում։ ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկիր չի կարող նման կարգավիճակ ստանալ, քանի որ ՀԱՊԿ-ը ԱՄՆ-ի համար թշնամական կառույց է։ «Հանրահավաքի երկրորդ կետը՝ ՀԱԿՊ-ից դուրս գալը, ուղիղ կապ ունի մեր երրորդ կետի հետ,սկզբից դուրս գալ, հետո դիմել ԱՄՆ-ին»,-ընդգծեց նա։
Գասպարյանի խոսքով՝ ինքնապաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը հանրահավաքի գլխավոր հրամայականներից է, քանի որ ելնելով տիրող իրավիճակից ժողովուրդը պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության։ «Հիմա մենք պիտի ազգ-բանակ կոնցեպցիան կիրառենք, ժողովուրդը պատրաստվի ինքնապաշտպանության, ժողովուրդը զինվի, առավել ևս սահմանամերձ շրջաններում»,-ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այս ամենը հանրահավաքին հնչեցվելու է առայժմ որպես պահանջ իշխանություններին։
«Սա առայժմ լինելու է որպես պահանջ՝ կատարել այս քայլերը։ Եթե ոչ, հաշվի առնելով իշխանությունների անգործությունը և լինելով երկրի տերը՝ ժողովուրդն արդեն իրեն իրավունք կվերապահի ձեռնամուխ լինել այդ կետերի կյանքի կոչմանը»,-նշեց Գասպարյանը։
Նրա գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով օրերս անցկացված հանրահավաքը ընդամենը շոու էր,որը կազմակերպել էին հենց իշխանությունները։ «Այդ նույն հանրահավաքի ժամանակ սատարում էին վարչապետին՝ կոչելով մեր սիրելի վարչապետ,լեգիտիմ վարչապետ և այլն։ ԱԺ Բևեռը որոշեց մասնակցել այդ հանրահավաքին ոչ թե այս կամ այն ուժին միանալու նպատակով, այլ գաղափարին միանալու նպատակով,որովհետև ՀԱՊԿ-ից դուրս գալը նաև Բևեռի պահանջն է և ծրագրի մաս է կազմում։ Այդ հանրահավաքը շոու էր ,կարծում եմ կազմակերպվել էր իշխանությունների կողմից այն ուժերի միջոցով,որոնք հիմա ծառայում են վարչապետի ձեռքում որպես գործիք, որով վարչապետը փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել իրական ընդդիմությունից՝ Բևեռից, կատարելով Կրեմլի պատվերը։ Այսպես կոչված ընդդիմությունը, ի դեմս նախկինների, ապահովում էր Փաշինյանի թիկունքը՝ խաղարկելով նախկինների վերադարձի հանդեպ ժողովրդի վախի զգացումը։ Քանի որ հիմա պուտինյան ռեժիմը oր օրի թուլանում է, հիմա նախկինների գործիքը արդեն արդյունավետ չի,պիտի գտնել մի ուրիշ գործիք, իսկ այդ նոր գործիքը պսևդո ժողովրդավար-պսևդո արևմտամետ ուժերն են՝ ի դեմս ուժերի, որոնք անցկացնում էին այդ հանրահավաքը, նրանք ուղղակի կատարում էին վարչապետի պատվերը՝ նպատակ ունենալով ապահովել վարչապետի իշխանության շարունակականությունը»,-մանրամասնեց Գասպարյանը։
Ավելի վաղ Բևեռը հայտարարել էր, որ հաջորդ հանրահավաքը լինելու է վճռական և որոշիչ, հարցին, չկա՞ արդյոք մտավախություն,որ ձախողելու դեպքում Բևեռը կկորցնի ժողովրդի վսատահությունը, Գասպարյանը պատասխանեց. «Ո՛չ, հակառակը։Մենք այդպես էինք հայտարարել ապրիլի 9-ին,որ հաջորդ հանրահավաքը լինելու է վերջինը և վճռականը։Բայց դեպքերի զարգացումները, մասնավորապես սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունները, մեզ ստիպեցին ավելի շուտ վերսկսել մեր հանրահավաքները։ Ես կարծում եմ՝ ժողովուրդը, ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից, արդեն հասկանում է, որ Բևեռը ճիշտ էր, Բևեռը ճիշտ է,ասելով , որ Ռուսաստանը թուլանում է, որ Ռուսաստանը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը,նաև սեփական։ Այսինքն՝ Ռուսաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկնում են,այսինքն՝ ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի սանձազերծությամբ, «քավորությամբ»։
Գապարյանի խոսքով՝ Արևմուտքը ունի շահեր, և ԱՄՆ-ն գալու է մեր տարածաշրջան։ Ժողովուրդը գիտակցում է, որ հարցի լուծումը պաշտպանական նոր տարբերակներ գտնելն է՝ ի դեմ Արևմուտքի աջակցության։ «Ժողովուրդը գնալով հասկանում է,որ հարցի լուծումը անցումային ժամանակավոր կառավարության ձևավորումն է,արտապաշտպանական նոր լուծումներ գտնելը՝ ի դեմ Արևմուտքի,ԱՄՆ-ի աջակցության։ Ժողովուրդը գնալով համոզվում է, որ Բևեռը իր կանխատեսումներում, իր լուծումների առաջարկներում անկեղծ էր, և մենք հստակ շարժ ենք նկատում դեպի մեզ, դա է վկայում համակիրների աճը»,-ասաց Վահե Գասպարյանը։
Նա հավելեց, որի եթե որևէ քաղաքական ուժի անդամներ պատրաստ են միանալ հանրահավաքին, Բևեռը կընդունի նրանց։ «Եթե այս կամ այն քաղաքական ուժի շարքայիններ կան,որոնք որ պատրաստ են մեզ միանալ, մեզ ասելով նկատի ունեմ մեր գաղափարը, մեր ծրագիրը,մենք սիրով դա կընդունենք։ Նույն դաշնակցականների շարքում կան իսկական հայրենասերներ, որոնք հասկանում են մեր ճշմարիտ լինելը,կան մարդիկ, որոնք մեզ են սատարում, նույնը կարելի է ասել մնացած քաղաքական ուժերի մեջ։ Էնպես որ սա գաղափարի պայքար է, և Բևեռը լինելով գաղափարի շուրջ ստեղծված շարժում, ողջունում է բոլորին, ովքեր պատրաստ են միանալ մեր գաղափարին,բացառությամբ իհարկե օդիոզ դեմքերի՝ Քոչարյանների,Սերժիկների, Վանեցյանների, որոնց հետ որևէ համագործակցություն բացառվում է»-ասաց Վահե Գասպարյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին,ժամը՝ 16։00-ին, Ազգային Ժողովրդավարական Բևեռը Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։
Արփինե Նավասարդյան