Ամբողջությամբ կազմակերպական դիլետանտիզմի հետևանք էր . Արսեն Բաբայանը՝ Փելոսիի ասուլիսի կազմակերպման մասին
Քաղաքական
Ավարտվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պաշտոնական այցը Հայաստան։ Պատմական այս իրադարձությունը կհիշվի ոչ միայն որպես բացառիկ և կարևոր իրադարձություն քաղաքական կյանքում, այլև մեր հուշերում կմնա մի այց, որի ժամանակ տեխնիկական խոտանի պատճառով ընդհատվեց սինքրոն թարգմանությունը, իսկ թարգմանիչը «թեթև» հրեց Փելոսիին։
Այս դիպվածները լայն քննարկման առարկա դարձան հանրության շրջանում՝ հատկապես Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Մի մասը մատնանշում էր ԱԺ աշխատակազմի աշխատանքի թերացումները, մի մասն էլ թիրախավորել էր թարգմանչին։
ArmDaily-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ասաց, որ Փելոսիի ասուլիսի կազմակերպական հարցերի շրջանակում բավական է դիտարկել մեկ հանգամանք, թե աշխատակազմի ղեկավարը որտեղ էր գտնվում, և ամեն ինչ պարզ կդառնա։
«Նա գտնվում էր հենց ասուլիս տվողների կողքը։ Աշխատակազմի ղեկավարի գործառույթները հենց այդ ամենը կազմակերպելու մեջ են և շնչելու րոպե չունենալու մեջ են։ Նա ոչ միայն իրավունք չուներ այդտեղ լինելու, այլ նա անդադար պետք է վազքի մեջ լիներ, որ խնդիրները վերացնի։ Խնդիրներ, իհարկե, օբյեկտիվորեն հնարավոր է առաջանան ցանկացած ժամանակ, բայց շատ կարևոր է, որ պատասխանատու պաշտոնատար անձը արագորեն շտկի այդ խնդիրները։ Մինչդեռ պատասխանատու պաշտոնատար անձը կանգնած Փելոսիի կողքը, աչքերը չռած այս կողմ այն կողմ է նայում։ Հարց է առաջանում՝ դու ի՞նչ գործ ունես այդտեղ։ Պարզ է պատասխանը՝ ընդամենը նկարվելու համար»,- ասաց Բաբայանը։
Ակնկալել, որ այս պայմաններում ԱԺ աշխատակազմը կկարողանա որևէ գործառույթ արդյունավետ իրականացնել, Բաբայանի կարծիքով՝ անմտություն է։
«Բայց պետք է նաև հաշվի առնեն, որ սա կարող է դառնալ միջազգային սկանդալ։ Պետք է հաշվի առնեն, թե ում են կանչել, ով է հյուրը, ինչ ասուլիս է։ Այսինքն՝ գործ ունենք դիլետանտների խմբի հետ ամբողջ պետական կառավարման համակարգում»,- նշեց նախկին պաշտոնյան։
Ինչ վերաբերում է թարգմանչին թիրախավորելուն՝ Բաբայանը նշեց, որ շատ կարևոր է, թե թարգմանիչը ինչ թարգմանություն պետք է իրականացնի։
«Տվյալ դեպքում թարգմանիչը պետք է իրականացներ սինքրոն թարգմանություն, այսինքն՝ լսել-խոսել։ Տեխնիկական խնդիրների հետևանքով թարգմանչին ստիպված եղան բերել, կանգնեցնել ասուլիս տվողի կողքը, ուստի թարգմանությունը սինքրոնից դարձավ հաջորդաբար։ Մինչդեռ հաջորդաբար թարգմանությունը այլ խնդիրներ ունի, այլ ձևաչափ ունի։ Դրա համար նախապես պետք է գոնե նշումների թուղթ ունենար, որ գոնե լսածը ինչ-որ կերպ համառոտագրեր։ Այսինքն՝ դու չես կարող թարգմանչին կանգնեցնել փաստի առաջ ամենակարևոր միջոցառման ժամանակ։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ թարգմանիչը ԱՄՆ դեսպանատան աշխատող էր»,- ասաց Բաբայանը։
Ըստ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի՝ նման պայմաններում, երբ թարգմանության ձևաչափ է փոխվում տեխնիկական խոչընդոտի պատճառով, ինչպես նաև նման պաշտոնյայի խոսքը թարգմանելը էլ ավելի մեծ պատասխանատվություն է առաջացնում, սպասելի է, որ թագմանչի կողմից վրիպումներ տեղի կունենան։
«Թարգմանչի վրա որևէ կերպ մեղքը բարդելը, կարծում եմ, տեղին չէ։ Իհարկե, համաձայն եմ, որ ժեստերի առումով որոշակի խնդիրներ կան։ Արարողակարգի առումով՝ չէր կարելի խոսնակին մի կողմ հրել։ Իրականում նա չէր հրում, դա ներողության ժեստ էր՝ հաշվի առնելով իրավիճակը։ Ամեն դեպքում թարգմանիչը, այո՛, ժեստեր արեց, որը պետք չէր, բայց դա հետևանք էր իր հուզականության, պատասխանատվության։ Այստեղ ես համոզված եմ, որ թարգմանչին ընդհանրապես մեղադրանք պետք չէ ներկայացնել։ Ամբողջությամբ կազմակերպական դիլետանտիզմի հետևանք էր սա»,- ասաց Բաբայանը։