Ադրբեջանական վարքագծի հիմքում 2 հիմնական դրդապատճառ կա․ բանակցություններում ինչ–որ բան այնպես չէ և Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում․ Տիգրան Աբրահամյան
Սոցցանցերի քրոնիկոն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենային և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին։
ԱԺ պատգամավորը գրել է․«Ադրբեջանն օրեր առաջ նախ տեղեկատվական–քարոզչական գրոհ սկսեց Հայաստանի դեմ, իսկ այսօր պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարում, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցնում զորքերին իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։
Ադրբեջանական վարքագծի հիմքում կարելի է 2 հիմնական դրդապատճառ դիտարկել։
Առաջին, Հայաստանի հետ տարվող բանակցություններում ինչ–որ բան այնպես չի ընթանում, հնարավոր է՝ դա կապված է կոնկրետ գործընթացի տեմպերի հետ։
Երկրորդ, Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում՝ առավել կոշտացնելով տարբեր իրադրություններում գործադրվող միջոցառումները։
Երկու դեպքում էլ հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով»։