Լիբիայի մայրաքաղաքում բախումների հետևանքով 7 մարդ է զոհվել
World press
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում իշխանության հավակնող քաղաքական կազմավորումների միջև բախումների հետևանքով 7 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ օրը Տրիպոլիում մարտեր են բռնկվել մի կողմից Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) ղեկավար Աբդելհամիդ Դբեյբային հավատարիմ ստորաբաժանումների և խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթհի Բաշագայի միջև, ինտենսիվ կրակոցները քաղաքի կենտրոնում սկսվել են առավոտյան:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Բաշագային մոտ գտնվող հրամանատարների կազմավորումներն այժմ երեք կողմից մոտենում են Տրիպոլիին։ Հեռուստաընկերությունը հայտնում է, որ նրանք գրավել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանի տարածքը։
Այս շաբաթ խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետը նամակ է հղել Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) ղեկավար Աբդելհամիդ Դբեյբային, որում նա ևս մեկ անգամ պահանջել է, որ Լիբիայի Ազգային միասնության կառավարության ղեկավարը հրաժարական տա երկրում արյունահեղությունը կանխելու համար։ Իր հերթին Դբեյբան խորհուրդ է տվել Բաշագային, ով հավակնում է Տրիպոլիում իշխանությանը, կենտրոնանալ ընտրություններին մասնակցելու վրա։