Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը
Հայտարարագիր
ArmDaily-ն «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ունեցվածքը։
Ո՞վ է Սուրեն Պապիկյանը
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
26 ապրիլի 1986 թ., ք. Ստեփանավան
Կրթություն
2003-2010 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր)՝ պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան
2010-2012 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ` պատմության մագիստրոսի աստիճան
2012-2016 թթ. - Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2010-2016 թթ. - ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում
2011-2018 թթ. - դասավանդել է «Քվանտ» վարժարանում
2017-2018 թթ. - աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ
2018-2019 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
2019-2021 թթ. – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
2021 թ. նոյեմբերի 15-ին նշանակվել է Պաշտպանության նախարար
Պարգևներ
2011 թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:
2016 թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Կուսակցական պատկանելություն
2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Ունեցվածքը
Սուրեն Պապիկյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի մայիսի 27-ին։
Նախարարը հայտարարագրել է 3 հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում, որոնք ձեռք է բերել 2003 թվականին, և մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականին։
Նախորդ տարվա սկզբին Պապիկյանի բանկային հաշիվներին եղել է 8,638,988 դրամ, 4,432 եվրո և 4,901 դոլար մնացորդ, որը տարվա վերջում դարձել է 22,395,264 դրամ, 4,403 եվրո, դոլարի չափը չի փոխվել։
Նախարարը նաև նշել է 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո կանխիկ գումար։ 2021-ի վերջում դրամի չափը չի փոխվել, բայց արտարժույթով կանխիկ գումարը դարձել է 11,000 դոլար և 3,000 եվրո։
2021 թվականի ընթացքում Պապիկյանի եկամուտները ընդհանուր կազմել են 23,031,224 դրամ, որից 11,729,548 դրամը աշխատավարձ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, 6,283,127 դրամը՝ վարչապետի աշխատակազմից, 2,119,072 դրամը՝ Պաշտպանության նախարարությունից, 1,899,477 դրամն էլ այլ տեսակի եկամուտ է Ֆինանսների նախարարությունից, ևս 1,000,000 դրամ եկամտի աղբյուր Պապիկյանը չի նշել։
Նախարարը նաև վարկի մասին տվյալներ է ներառել հայտարարագրում, ըստ որի՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 17,809,208 դրամ և 499,680 դրամ։