Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
Հայտարարագիր
ArmDaily-ն «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարագիրը։
Ո՞վ է Արսեն Թորոսյանը
Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին՝ Երեւանում:
2015-2016թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Բուժծառայության լեյտենանտ:
2004թ. ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետը: 2006թ.՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը Սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, 2009թ. նույն ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
2004-2005թթ. եղել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ սոցիալական աշխատողների խմբի ղեկավար, 2005-2010թթ.՝ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի ընտանեկան բժշկության եւ բուժօգնության որակի համակարգող: 2010-2011թթ.՝ ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիտորինգի եւ գնահատման բաժնի վարիչ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015թթ. եւ 2016-2018թթ.՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021թթ.՝ ՀՀ Առողջապահության նախարար: 2021թ. հունվար-հուլիս՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ունեցվածքը
Արսեն Թորոսյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի մայիսի 30-ին։
Պատգամավորը հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2011 թվականին և 5 հողամաս, ընդ որում՝ հողամասերից 3-ը ձեռք են բերվել մեկ օրում՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին, մի հողամասը 2021-ի նոյեմբերի 26-ին, իսկ մեկը՝ 2020-ի սեպտեմբերի 18-ին։ Հողամասերից 2-ը Արագածոտնի Փարպի վարչական շրջանում, 2-ը՝ Կոտայքի Քարաշամբում, 1-ը՝ Ծաղկաձորում։
Թորոսյանը նախորդ տարվա ընթացքում 17,750,000 դրամով ձեռք է բերել 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը 16,400,000 դրամով վաճառել է։
Տարվա սկզբին պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,855,304 դրամ, 10,089 դոլար և 10,462 դոլար և 10,462 եվրո, որոնք տարվա վերջում դարձել են 12,463,550 դրամ, 20,031 դոլար և 30,995 եվրո։
2021 թվականի ընթացքում Թորոսյանի եկամուտները ընդհանուր կազմել են 28,419,549 դրամ և 20,737 եվրո, որից աշխատանքի դիմաց վարձատրություն է ստացել 3,580,418 դրամը Առողջապահության նախարարությունից, 9,262,71 դրամը՝ վարչապետի աշխատակազմից, 3,165,420 դրամը՝ ԱԺ-ից, 2,112,000 դրամը՝ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտից, ինչպես նաև՝ 9,520,000 դրամ նվիրատվություն հորից, 20,737 եվրո Bank Austria-ից, 579,000 դրամ և 200,000 դրամ՝ ԴԱՀԿ-ից։