Արարատի մարզում վթարի ենթարկված Nissan Murano-ն վարել է 13-ամյա տղա, ուղևորները ևս անչափահասներ են եղել
Իրավական
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 4-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ Nissan Murano-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 13-ամյա Բաբկեն Զ-ն, ով ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Բաբկեն Զ-ն, ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Գառնիկ Ս-ն, Երևանի բնակիչներ՝ 14-ամյա Տիգրան Ա-ն և 14-ամյա Հենզել Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։