Հասարակ հայ տղաներ են ու աշխարհի ամենաարիստոկրատ խաղում ամենաարիստոկրատն են աշխարհի բոլոր ազգերի մեջ․ Վահագն Ավագյան
Սոցցանցերի քրոնիկոն
Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էս «սպարտիվկով» նիհար տղան, բարակ, երկար մատերով, շատ չափված-ձևված շարժուձևով Ռոբերտ Հովհաննիսյանն է։
Մի քանի ժամ առաջ Շախմատի Օլիմպիադայում աշխարհի երևի ամենաուժեղ հավաքականի՝ ԱՄՆ-ի հետ խաղում փրկել է Հայաստանի հավաքականին թիմային պարտությունից, արել է դա շատ սրամիտ կերպով, բացարձակ ոչ ոքի խաղում խորամանկաբար ստիպելով հակառակորդին նախորոք դիպչել սխալ խաղաքարի՝ խաղալով ոչ ամենասպասված քայլը ու մրցակցի անհամբերության շնորհիվ Հայաստանին ոչ ոքի բերել ու թիմայինում Հայաստանի միանձնյա առաջատարությունը պահպանել... միանձնյա առաջատար ենք, աշխարհի բոլոր ժողովուրդների հավաքականների դեմ։
Պատկերացրեք էդ հսկայական սրահը, որում հարյուրավոր թիմեր մրցում են, հզոր երկրների հզոր ժողովուրդների միլիարդավոր քաղաքացիներից կազմված հավաքականները միասնական գործող հայկական թիմից հետ են արդեն մոտ 10 խաղից հետո։ Հայաստանը պարտություն չունի։
Լսում եմ օտարազգի մեկնաբանների հիացական արձագանքները հայկական թիմի միասնականության և այդ միասնականության շնորհիվ օլիմպիական եռակի չեմպիոնության մասին։ Բոլորը մոռացել են Կառլսենի ու Նորվեգիայի մասին, բոլորը մոռացել են ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշով թիմի մասին, բոլորը մոռացել են Հնդկաստանի մեկի փոխարեն երեք շատ տաղանդավոր թիմերի մասին, բոլորը հիանում են հայկական թիմի միասնականությամբ և մեկի պարտության դեպքում մյուսի ագրեսիվ խաղի և կորածը հետ բերելու ստրատեգիայի և նման շախմատային բաների մասին։
Այնքան գեղեցիկ ու արիստոկրատ տղաներ են, հասարակ տղաներ է՜, «սպարտիվկով» մեկը, մյուսը «ժակետով», էն մեկը վերնաշապիկով, հասարակ հայ տղաներ են ու աշխարհի ամենաարիստոկրատ խաղում ամենաարիստոկրատն են աշխարհի բոլոր ազգերի մեջ։ Ու անգամ Լևոնը, որ ԱՄՆ-ն էր ներկայացնում, հրաժարվել է խաղալ Հայաստանի դեմ ու մյուս տղայով են փոխարինել, ում սխալի շնորհիվ էլ այսօր ոչ ոքի ունեցանք։ Ինչպե՞ս կարող էր խաղալ մեր դեմ, անհնար էր, այն էլ էս օրերին, երբ Հայաստանը հարձակման տակ է, հո մի ճակատ էլ ինքը չէր բացելու... էհ.
Գրողը տանի, ինչպե՞ս չենք կարողանում երկիր սարքել»։
