Աղավնոն 2 օրից կդատարկվի. Աղավնոյի նախկին գյուղապետ
Արցախ եւ մարզեր
Բերձորի և Աղավնոյի բնակիչները մինչև այս ամսվա վերջ պետք է հեռանան իրենց տներից։ Այս մասին ArmDaily-ին հայտնեց Աղավնոյի նախկին համայնքապետ Մարտիրոս Հակոբյանը։
«Մեզ՝ Աղավնոյի բնակիչներիս, սկզբում 3 ամիս ժամանակ էին տվել, սակայն նոր ինձ զանգահարեցին ու ասացին, որ նախագահի հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը պետք է գյուղից հեռանանք։ Բերձորի բնակիչներին ասել էին՝ մինչև սեպտեմբերի 5-ը ժամանակ ունեն, հիմա չգիտեմ իրենց ժամկետներն էլ են փոխել, թե ոչ»,- հայտնեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահին գյուղի բնակիչները չգիտեն, թե ինչ են անելու, ուր են գնալու։
«Ես որևէ մեկի չեմ հավատում, բոլորն էլ ստախոս են։ Խոսքով ամեն բան էլ տալիս են ժողովրդին, սակայն իրականում՝ ոչինչ։ Սրանք էլ հերթական ստերն են, իշխանությունը ոչինչ էլ չի անելու, ոչինչ էլ չի փոխահատուցելու ժողովրդին։ Այսօր փաստն այն է, որ բնակիչները տեղ չունեն գնալու։ Ենթադրենք մի մասը որոշ ժամանակ բարեկամների տանը մնացին, բա էն մնացա՞ծը։ Փաստացի 45 ընտանիք, մոտավորապես 200 քաղաքացի դրսում է մնալու», -հայտնեց մեր զրուցակիցը։
Հարցին, իսկ գյուղապետն ի՞նչ է ասում, չէ որ նա պնդում էր, որ չի հեռանալու գյուղից, մնալու ու պաշտպանելու է գյուղը՝ Հակոբյանը պատասխանեց. «Մենք տարբեր հարթակներում ենք, բայց ես գյուղապետի կողքին կանգնած եմ եղել, երբ հարցը վերաբերել է գյուղի մնալ-չմնալուն: Այսօր այդ նույն գյուղապետը, որին իր ամպագորգոռ հայտարարությունների համար հերոսացնում էին, ասում է՝ ի՞նչ անենք, քարերով հո չե՞նք պաշտպանելու: Եթե չէիր պաշտպանելու՝ ինչի՞ էիր սուտ հայտարարություններ անում»:
Հակոբյանի խոսքով՝ ինքն ու շատ բնակիչներ ասում են, որ մնալու են ու պաշտպանեն գյուղը, բայց չգիտեն՝ ինչպես:
«Շատերս ենք ասում, որ մնալու ենք, չենք լքելու մեր տները, բայց որ պահը եկավ, ենթադրենք, սկսեցինք իրար վրա կրակել, պետք է հասկանանք մեր հնարավորությունն այդքան ներում է, թե չէ: Մենք հույս ունենք, որ անասուն Փաշինյանը կամ համբալ Արայիկ Հարությունյանն իր ժողովրդին տեր է կանգնելու: Իհարկե տեր չի կանգնելու»,– ընդգծեց մեր զրուցակիցը:
Աղավնոյի նախկին համայնքապետն անդրադարձավ նաև տիրող իրավիճակին՝ հայտնելով, որ այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը կարգավորվել է, իրավիճակը մնում է լարված:
«Այս իրավիճակում ես կարող եմ միայն ասել, որ մենք ո՛չ ազգ ենք, ո՛չ ժողովուրդ, ո՛չ էլ նախիր: Անգամ նախիրն այս ազգից բարձր է: Եթե մենք նախիր չլինեինք՝ էս վիճակում չէինք լինի: Մենք չենք հասկանում, որ թուրքը շարունակի գալ, վաղը Երևան է հասնելու: Մարդը միշտ իր տունը պետք է հեռվից պաշտպանի»,– ամփոփեց Հակոբյանը: