Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան
ՏեսանյութԼեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությամբ վերը նշված 3 իրողություններն են արձանագրվել։
«Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարույթունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը՝ արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է ԼՂ֊ի կապը Հայաստանի հետ։ Ըստ էության՝ այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, և մեր ակնկալիքն է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- ասաց վարչապետը։
Ըստ Փաշինայնի՝ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի աձեռնմխելիությունը՝ ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։
«Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պաշտոնապես արձանագրեց, որ Արցախում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը պատրվակ օգտագործելը և էսկալացիա անելը նույնպես խախտում է եռակողմ հայտարարությունը։
Փաշինյանն իր ելույթում մեջբերեց հայտարարության համապատասխան կետերը. «Հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի, այսինքն՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ այդ երթուղում պահպանության համար»։
Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ ՌԴ֊ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն՝ առաջարկում ենք հաստատել եռակողմ ֆորմատով պլան»։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ խոսքը նոր ճանապարհի մասին չէ, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին է։ «Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պիտի ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն»,- ասաց վարչապետը։
Նա ընգծեց, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնել է պարտավորություններ, և բոլոր այդ պարտավորությունները կատարել է։
«Այս ընթացքում մենք այս իրողությունները, որոնք թղթի վրա գրված են, մենք, այսպես ասած, շատ չենք ընդգծել, շատ չենք ցանկացել ընդգծել, բայց սրանք իրողություններ են, և սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Ադրբեջանը այսօր շատ է թմբկահարում, որ Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել է պարտավորություններ։ Այո՛, մենք ստանձնել ենք պարտավորություններ, և բոլոր պարտավորությունները կատարել ենք»,- ասաց Փաշինյանը։