Կոսովարները որոշել են թուլացող Ռուսաստանի պայմաններում լուծել իրենց քաղաքական խնդիրը. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքական
Կոսովոյում եւ Մետոքիայում կիրակի երեկոյան իրադրությունը կտրուկ սրվել Է այն բանից հետո, երբ ոստիկանությունը փակել Է հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային մասի սերբերը դուրս են եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Երկրամասի հյուսիսի մի շարք քաղաքներում հնչել են շչակներ: Իբար գետի կամրջի մոտ, որը միացնում Է Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսը եւ հարավը, կենտրոնացվել են ոստիկաններ եւ Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի ծառայողներ, որոնք գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Միջազգային ուժերի ջանքերով Պրիշտինան որոշել Է սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, անդրադառնալով Կոսովոյում ստեղծված իրավիճակին, ասաց, որ Կոսովոյի իշխանությունները վաղուց էին ուզում հանել սերբական պետհամարանիշները և ներդնել կոսովարական համարանիշեր։
«Սա քաղաքական խնդիր է, որպեսզի սերբական ազդեցությունը Կոսովոյում թուլացնեն։ Հիմա Սերբիան Ռուսաստանի եզակի դաշնակիցն է, կարծում եմ, որ կոսովարները որոշել են թուլացող Ռուսաստանի պայմաններում լուծել իրենց քաղաքական խնդիրը։ Բայց այս համատեքստում ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի լարում ստեղծվի Կոսովոյում սերբերի և կոսովարների միջև»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ սա ցավոտ հարց է և ուղղակիորեն կապված է Ուկրաինայի կոնֆլիկտի հետ, որովհետև Ռուսաստանը թուլանում է։ Սա պարարտ հող է ստեղծում նրանց համար, ովքեր երկար տարիներ Ռուսաստանից զգուշանալով իրենց խնդիրները չէին լուծում։ Այդուհանդերձ, Մարտիրոսյանը չի կարծում, թե Կոսովոն կարող է նոր Ուկրաինա դառնալ։
«Սերբիայի իշխանությունները շահագրգռած չեն այսօր կոսովար-ալբանացիների հետ կոնֆլիկտով։ Սերբիայի իշխանությունները համագործակցում են Եվրամիության հետ, ցանկանում են դառնալ Եվրամիության անդամ, և լայնամասշտաբ կոնֆլիկտն ու պատերազմական գործողություններն այս պահի դրությամբ, գրեթե, բացառված են։ Մյուս կողմից՝ ներպետական էթնիկ բախումները Կոսովոյի տարածքում ամենևին բացառված չեն»,- նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է պնդումներին, թե Կոսովոյի և Սերբիայի հակամարտությունը ԱՄՆ-Ռուսաստան բախման մի նոր ճակատ է, այլ կերպ ասած՝ ամերիկյան Կոսովոն դուրս է գալիս ռուսական Սերբիայի դեմ, Հայկ Մարտիրոսյանն այնքան էլ համաձայն չէ։ Նրա խոսքով՝ Կոսովոն ամերիկյան դաշնակից է և իր անկախությունը ստացել է ԱՄՆ-ի շնորհիվ։
«Բնականաբար, այս իրականությունն առկա է, բայց չեմ կարծում, որ Կոսովոն ամերիկյան դաշնակցային դաշտից հանելու շանս որևէ մեկն ունի այսօր։ Իսկ Սերբիան, լինելով հիմնականում պրոռուսական տրամադրություններ ունեցող բնակչությամբ երկիր, այնուամենայնիվ ձգտում է դեպի Արևմուտք, դեպի Եվրամիություն, դեպի ԱՄՆ։ Խնդիրները պատմականորեն խորը կոնֆլիկտներ են, ինչի հետևանքով կա լարվածություն։ Դա սերբերի և ալբանացիների կոնֆլիկտն է, որը դարերի պատմություն ունի, և այդ դարերի պատմությունն է, որն արտացոլվում է։ Այնպես որ նայել ամեն ինչ միայն դաշնակցային հարաբերություններից կամ Սերբիայի պարագայում՝ ազդեցության տակից հանելու դիտանկյունից այդքան էլ իմաստ չունի»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ բացի Կոսովոյից այսօր կան 3 առաջնային կետեր նույնպես, որոնք պահը օգտագործելով կարող են փորձել դուրս գալ ռուսական ազդեցությունից։
«Դրանցից մեկը Կուրիլյան կղզիների խնդիրն է ճապոնացիների հետ։ Վերջինները բացահայտորեն հայտարարում են, որ իրենք հավակնում են վերադարձնել իրավականորեն իրենց պատկանող այդ կղզիները, և ի տարբերություն իրենց անհեթեթ պահող հայերի, ճապոնացիները հստակ հղումներ են անում պատմությանը, իրավականորեն և իրավացիորեն համարում են, որ դա օկուպացված տարածք է։ Այդտեղ ակտիվություն, իհարկե, անմիջապես չի լինի, դա կլինի Ռուսաստանի մասնատման և տոտալ ցնցումների մեջ հայտնվելու պարագայում, բայց անպայմանորեն կլինի։ Մյուսը Չինաստանի հետ Թայվանի խնդիրն է։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում բացառված չէ, որ Չինաստանը փորձի օգտվել իրավիճակից և գրավել Թայվանը։ Երրորդ հստակ կետը Հայաստանն է, որտեղ հայաստանցիները չեն հասկանում, բայց այսօր բախվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը։ Բազմաթիվ անգամներ ասել ենք՝ Ռուսաստանը Թուրքիայի դաշնակիցն է և պայմանավորվածություն ունի Հայաստանը թողնել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ փոխարենը ստանալով թուրքական սատարումը Ուկրաինայի հարցով և արդեն ստանում է։ Այստեղ Միացյալ Նահանգները խնդիր ունի թույլ չտալու Թուրքիային Հայաստանի հաշվին ստեղծելու խոշոր տերություն, որը Չինաստանի պես գլխացավանք կդառնա ԱՄՆ-ի համար։ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից հանելու Միացյալ Նահանգների վճռականությունը ավելի ու ավելի է սկսում ամրապնդվել»,- ամփոփեց Հայկ Մարտիրոսյանը։