Մեզ մոտ իրավիճակը ծայրահեղությունից ծայրահեղություն է, կա՛մ շատ լավ, կա՛մ շատ վատ.տուրիզմի փորձագետ
Հասարակություն
ArmDaily.am-ի զրուցակիցը տուրիզմի ոլորտի փորձագետ Դիանա Մնացականյանն է։
-Տիկի՛ն Մնացականյան, ինչպե՞ս կգնահատեք ներքին տուրիզմի ներկայիս վիճակը, արդյոք այն գոհացնո՞ղ է։
-Բարեբախտաբար ներքին տուրիզմը բավականին բարվոք վիճակում է գտնվում։ Վերջին 3 տարիների ընթացքում՝ հատկապես կորոնավիրուսից հետո, մեծ զարգացում է ապրել։ Կորոնավիրուսը հնարավորություն տվեց մարդկանց սեփական երկիրը բացահայտելու և ճանաչելու համար։ Բացի նրանից, որ ոլորտի զարգացումն ակնառու է, շատ կարևոր է, որ այդ զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ սեփական երկրից կարևոր տեղ չկա։
-Ներիքին տուրիզմի ո՞ր ճյուղերն են այս պահին մեր քաղաքացիները նախընտրում։
-Վերջին շրջանում քաղաքացիների նախասիրությունները շատ տարբեր են։ Դասական տուրերի կողքին ավելացել են մի շարք այլ տեսակներ, մեծ զարգացում են ապրել արշավային տուրերը։ Կարևորն այն է, որ ուղղություններն էլ են տարբեր՝ և՛ հյուսիսում, և՛ հարավում իրականում առհելի քանակի ներքին հոսք ունենք։
-Մեր քաղաքացիներն ավելի պահպանողակա՞ն են, թե՞ փորձում են նաև ոչ հայտնի տեղեր գնալ։
-Հազար տարի էլ անցնի, մարդկանց համար պարտադիր այցելելու վայրերի ցուցակից մի քանի տեղեր երբեք դուրս չեն գա։ Դա միայն մեզ մոտ չէ, որ այդպես է։ Բոլոր տեղերում էլ կան պատմամշակութային վայրեր, որոնք մարդիկ պարտադիր պետք է այցելեն։ Սակայն, բարեբախտաբար, ոլորտում ունենք մարդիկ, որոնք ամեն կերպ փորձում են նոր վայրեր բացահայտել ու դա ներկայացնել քաղաքացիներին։ Նոր վայրերի այցելության պարագայում, այդ տարածքները ևս զարգանում են, այնտեղ հյուրատներ, խանութներ են բացվում։ Ներքին տուրիզմն ունի այդպիսի հատկություն, այս ոլորտում ամեն ինչ իրար փոխկապակցված է։
-Տիկի՛ն Մնացականյան, այս տարվա ֆավորիտ ուղղությունները որո՞նք են։
-Նկատել եմ, որ նախորդ ու այս տարվա ընթացքում շատ-շատ են գնում Լոռու մարզ, Սյունիքի մարզ, Գյումրի են շատ գնում, վերջին տարիներին Արագածոտնի մարզում ևս զարգանում է ներքին տուրիզմը, սրանցից զատ էլ ունենք մեր դասական ուղղությունները՝ Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ, Սաղմոսավան և այլն։
-Ավելի շատ ներքի՞ն, թե՞ ներգնա տուրիզմն է զարգացած։ Ինչ-որ ցուցանիշներ կարո՞ղ եք ներկայացնել։
- Այս ամենը մերն է, մեր սեփականւթյունը, ու մենք դրանց այլ աչքերով ենք նայում։ Երբ ինչ-որ մի բան քոնն է լինում, շատ դեպքերում հնարավոր է չգնահատես, սակայն վերջին տարիների դա ևս փոփոխվել է ու ունեցածը գնահատողների քանակն ավելացել է։ Սրանից զատ, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մեծ քայլերով, ի շնորհիվ տուրօպերատների, պրոֆեսիոնալ ուղեցկորդների, հասել է նրան, որ այսօր շատերի աչքին հետաքրիքր զբոսաշրջային ուղղություն է համարվում։
-Արդյոք մենք ամբողջապես օգտագործո՞ւմ ենք մեր ներուժը ներքին տուրիզմը զարգացնելու համար։
-Փորձում ենք։ Օրինակ՝ մենք կարող ենք վստահ ասել, որ Հայաստանում ամենավատ սերվիսը չէ, շատ դեպքերում նույնիսկ բավականին լավն է։ Սակայն մենք ունենք մի քանի խնդիր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն խանգարում են ներքին ու ներգնա տուրիզմի զարգացմանը։ Մենք ունենք ճանապարհային , կոմունիկացիոն խնդիրներ, ցուցանակների խնդիրներ, գլխավորպես ունենք զուգարանների խնդիր, որը ոչ մի կերպ չենք կարողանում լուծել։ Պատմամշակութային վայրերում վերջին խնդիրն չափազանց ակնառու ու սարսափելի է։ Մեզ մոտ իրավիճակը ծայրահեղությունից ծայրահեղություն է ՝ կա՛մ շատ լավ, կա՛մ շատ վատ։ Այս ամենից զատ մենք ունենք ևս մեկ շատ լուրջ խնդիր, դա աշխատուժի հարցն է։ Անձամբ գիտեմ հյուրատներ,որոնք չեն կարողանում մաքրուհի, մատուղոց/ ուհի, խոհարար գտնել, այս խնդիրն ուղղակիորեն ազդում է հենց սերվիսի որակի վրա։ Վստահաբար կարող եմ ասել՝ այն պոտենցիալը, որն ունի Հայաստանը և այն պրոֆեսիոնալ մարդիկ, որ կան Հայաստանում, դրանց ամբողջի գումարն ու մի փոքր էլ պետական աջակցությունը Հայաստանը կկարողանան դարձնել տարածաշրջանի լավագույն այցելվող երկրներից մեկը։
-Ինչպե՞ս կարելի է վերոնշյալ խնդիրները լուծել։
-Պետք է հատուկ ռազմավարություն մշակվի, տուրիզմի զարգացման համար հատկացվող տարեկան բյուջեն պետք է ավելացվի, սակայն միայն գումար չավելացվի ու դրանք ոչ թիրախային ծախսվի, այլ գումարը ներդրվի կոնկրետ այն խնդիրների ուղղությամբ, որոնց լուծումն ուղղակիորեն զարգացնելու է տուրիզմը։
Մելինե Պետրոսյան