«Ամենաբարդը հիվանդ կորցնելն է, ամենահաճելին՝ փոքրիկների հետ շփվելը». զրույց նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հետ
Exclusive
Ամբողջ աշխարհում բլոգերությունը դարձել է մասնագիտություն: Այսօր «Instagram»-ը դարձել է ամենարդյունավետ հարթակներից մեկը, որի միջոցով մարդիկ ճանաչում են ձեռք բերում: ArmDaily.am-ը սկսում է նոր շարք, որտեղ կներկայացնի «Instagram»-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ օգտատերերին։ Մեր առաջին զրուցակիցը նեոնատոլոգ (նեոնատոլոգիան մանկաբուժության ճյուղ է, որը բաղկացած է նորածինների, հատկապես, հիվանդ կամ վաղաժամ նորածինների բժշկական օգնությունից) Արթուր Ջանազյանն է, որը «Instagram»-ի միջոցով փորձում է հերքել նորածնային խնամքում առկա միֆերն ու անհեթեթությունները:
-Արթուր, սկսենք Ձեր մասնագիտությունից: Ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկությունը և ինչո՞ւ դարձաք հենց նեոնատոլոգ:
-Բժշկությունն ընտրեցի, որովհետև փոքր ժամանակ հաղթահարել եմ շատ բարդ հիվանդություն լավ բժիշկների շնորհիվ: Այդպես սիրով լցվեցի այդ մասնագիտության հանդեպ ու հիմա պարտքս տալիս եմ՝ ուրիշներին փրկելով: Ասեմ ինչու հենց նեոնատոլոգ. շատ եմ սիրում ամենապուճուրներին:
-Եթե ոչ բժիշկ, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
–Որևէ տեխնիկական գիտություն, ինձ թվում է՝ լավ ճարտարապետ կլինեի:
-Կառանձնացնեք Ձեր մասնագիտության ամենաբարդ և ամենահաճելի պահերը։
-Ամենաբարդը հիվանդ կորցնելն է: Ամենահաճելին՝ փոքրիկների հետ շփվելն է ու նաև շատ հաճելի է, երբ տեսնում ես աշխատանքիդ հեռակա արդյունքը: Օրինակ՝ երբ քո մեծացրած 700 գրամ կշռող նորածինը տարիներ անց այցելում է քեզ՝ առողջ, կարմիր թուշիկներով ու ժպիտով:
-Բժշկի առօրյան գրեթե միշտ գերհագեցած է, ինչպե՞ս որոշեցիք, որ ինստագրամյան հարթակում ևս պետք է գործունեություն ծավալեք։
-Ինստագրամում լինելն ամբողջությամբ կնոջս միտքն էր: Ես ժամանակ չունեի նույնիսկ էջը բացելու, կինս է բացել: Մինչև հիմա էլ էջով կինս է զբաղվում, ես միայն քոնթենթն եմ տալիս, նա է մշակում, գցում և ապահովում ակտիվությունը:
-Բավականին մեծ լսարան ունեք, Ձեզ բլոգեր համարո՞ւմ եք
-Բլոգերը պարտադիր չէ, որ շատ մեծ լսարան ունենա, նաև պարտադիր չէ, որ մեծ լսարանով մարդը լինի բլոգեր: Բայց կարծես ինձ արդեն պատահական տեսնելիս ճանաչում են նաև որպես «էն մանկաբույժը, որ բլոգ ունի»:
-Երբեմն Ձեր էջի հարցերին այնքան մանրամասն եք պատասխանում, կարծես թե մինի-դասախոսություն անցկացնեք: Ձեր հետևորդները դա գնահատո՞ւմ են։
-Շատ կան գնահատողներ, նաև անծանոթ մարդիկ մոտենում են ու ասում, որ շատ մեծ գործ եմ անում: Բայց կան նաև մարդիկ, ովքեր միշտ դժգոհ են, որ իրենց հարցերին չեմ հասցնում անդրադառնալ: Իրականում ռեալ չէ անդրադառնալ բոլոր հարցերին, որովհետև շաբաթական մի քանի հազար հարց եմ ստանում, բայց ամենահաճախ հանդիպող հարցերին միշտ պատասխանում եմ:
-Ո՞րն է ամենաանհեթեթ բանը, որ լսել եք նորածնային խնամքի մասին։
-Որ ականջի ցավի ժամանակ երեխայի կեղտը կանաչում է: Կամ՝ կրծքի կաթը բուժում է աչքերի բորբոքումը: Իմ էջը հենց այսպիսի անհեթեթությունների հերքմանն է ուղղված:
-Ի՞նչ կարող է Ձեզ հունից հանել։
-Ինձ շատ դժվար է հունից հանելը:
-Երբևէ որևէ մեկին Ձեր էջում արգելափակե՞լ եք։
-Չեմ մտաբերում այդպիսի դեպք:
-Ձեր կինը ևս բժիշկ է ու միաժամանակ նաև բլոգերությամբ է զբաղվում: Հեշտ է բժիշկ-բլոգերի ամուսին լինելը։
- Հեշտ չէ, որովհետև երկու մասնագիտություններն էլ առանձին-առանձին շատ ժամանակատար են, իսկ երկուսն իրար հետ՝ ավելի շատ: Նաև պետք է պատրաստ լինես, որ անընդհատ հայտնվելու ես տեսախցիկի դիմաց: Բայց արդեն սովորել եմ, ու որ չլիներ իր «բլոգերական» տաղանդը, ես բլոգ բացողը չէի:
-Եվ վերջում, Ձեր մասնագիտությունը Ձեզ որպես մարդ փոխե՞լ է: Շատ են տարբերություններն ուղղակի Արթուր Ջանազյանի և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի միջև։
-Չէ, չի փոխել, նույն Ջանազյանն է:
Զրուցեց Մելինե Պետրոսյանը