Ի՞նչ ունեցվածք ունի Վահրամ Դումանյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հայտարարագիրը։
Ով է Վահրամ Դումանյանը
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում:
Կրթություն
1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1986-1989 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:
Գիտական աստիճան, կոչում
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշխատանքային գործունեություն
1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
2021 թ. օգոստոսի 3-ին վերանշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Այլ տվյալներ
2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2006 թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:
2007-2020 թթ. եղել է ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահը։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
2022 թ.-ից «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է:
Բազմաթիվ գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաև Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի և Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգևատրվել է ԵՊՀ և ԿԳՆ ոսկե մեդալներով։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
Ունեցվածքը
Վահրամ Դումանյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի մայիսի 31-ին։
Որպես անշարժ գույք Դումանյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղի Երեւանի Ավան վարչական շրջանում, որոնք բոլորը համատեղ սեփականություն են հանդիսանում: Բոլորը ձեռք են բերվել 2011 թվականին։
Որպես շարժական գույք ԿԳՄՍ նախարարը հայտարարագրել է 1995 թվականի թողարկման «MERCEDES-BENZ» մակնիշի 1 ավտոմեքենա, որը տարվա վերջում առկա չի եղել։
Դումանյանը հայտարարագրել է նաեւ 2010 թվականին ձեռք բերված բաժնետոմս՝ 7,095,000 դրամ արժեքով:
Նրա բանկային հաշիվների մնացորդները եղել են 2,021,796 և 25,466 դրամ, որոնք տարվա վերջում դարձել են 1,504,805 և 59,028 դրամ։ Նախարարի կանխիկ միջոցները տարվա սկզբին եղել են 5,500,000 դրամ և 50,000 դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 11,000,000 դրամ և 55,000 դոլար։
2021 թվականին Դումանյանի կեամուտները կազմել են 23,023,194 դրամ, որից 18,619,07 դրամը աշխատանքի դիմաց վարձատրություն է ԿԳՄՍՆ-ից, 1,743,339 դրամը՝ ԵՊՀ-ից, 2,500,000 դրամը՝ գույքը օտարելուց ստացված եկամուտ, 160,785 դրամը շահաբաժին է «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ից։