Ի՞նչ ունեցվածք ունի Արմեն Գրիգորյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ունեցվածքը:
Ով է Արմեն Գրիգորյանը
Արմեն Գրիգորյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։ 2001 թվականին ավարտել է Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ պաշտպանության բանակ։ 2009 թվականին ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա՝ ավարտելով այն 2011 թվականին։
2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում՝ քաղաքացիական հասարակության գծով պատասխանատուի պաշտոնում։ 2015 թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը՝ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ ընտրական ծրագրերի համակարգողի պաշտոնում։
2018 թվականի մայիսից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
2013 թվականի փետրվարին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։
2017 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել 3000 դիտորդ։ 2017 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում «Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության» թեմաներով։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա Հեղափոխությանը, եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, բազմիցս վարել հանրահավաքներ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առևանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ունեցվածքը
Արմեն Գրիգորյանը 2021 թվականի հայտարարգիրը ներկայացրել է այս տարի մայիսի 31-ին։
ԱԽ քարտուղարը հայտարարագրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարան, որը ձեռք է բերված 2020 թվականին և հանդիսանում է համատեղ սեփականություն։ Որպես տանսպորտային միջոց հայտարարագրել է 2005 թվականին թողարկված Lexus մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019-ին։
Տարվա սկզբում Գրիգորյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 3,550,000 դրամ, որը տարեվերջին դարձել է 1,271,000 դրամ։ Միաժամանակ, ԱԽ քարտուղարը հայտարարագրել է 47,729,167 դրամ մայր գումարով վարկ։
Գրիգորյանը հայտարարգրել է վարչապետի աշխատակազմից ստացված 22,378,460 դրամ աշխատանքի վարձատրություն, այլ եկամուտներ բաժնում՝ ՊԵԿ-ից ստացած 6,113,385 դրամ։