Ուզում եմ հասկանալ՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվություն տալը ո՞ւմ հերոսությունը կարող է ստվերել․ Աիդա Ներսիսյան
Սոցցանցերի քրոնիկոն
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Կույր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս:
Վայ ձեզ...»
Մատթեոս 23:24
Ինչքան ուզում եմ ինձ հեռու պահել քաղաքականությունից, չի ստացվում:
Այսօր կարդացի Վարուժան Ավետիսյանի դստեր հուզիչ գրառումը, մի քանի օր առաջ էլ մայրն էր նամակով դիմել վարչապետին՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող որդու կյանքին սպառնացող վտանգի մասին:
Պարոն Փաշինյան, երբ Դուք ընդդիմադիր էիք, Հաց բերող Արթուր Սարգսյանին մահվան հասցնելու մեջ միտում էիք տեսնում՝ ասելով (մեջբերումը բառացի է).
«Ինչու՞ են կրկնակի փորձաքննություն նշանակում, էդ ի՞նչ իրադարձությամբ էր պայմանավորված:
Պարզ ա՝ հաշվեհարդարի, որովհետև էս մարդը դուրս էր եկել, որոշակի սիմվոլիկ դերակատարում էր ստանձնել, հարցազրույց էր տվել, որը շատ լայն արձագանք էր գտել, ինչ-որ առումով մեր ժամանակների հերոս էր դարձել: Ո՞նց կլինի զուգահեռ հերոս լինի, ՀՀ-ում հերոս միայն Սերժ Սարգսյանը պետք է լինի, իր հերոսությանը ոչ մի բանով չպետք է ստվերել»:
Ուզում եմ հասկանալ՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվություն տալը ու՞մ հերոսությունը կարող է ստվերել:
Իսկ եթե դրսից թելադրված հաշվեհարդար է՝ ավելի վատ:
Աշխարհում առաջին օրենք ստեղծող Մխիթար Գոշի Հայրենիքում օտար, այլադավան օրենքները չպետք է դառնան ազգային:
Ըստ մեծ ուսուցչապետի՝ Հայաստանը պետք է ունենա սեփական օրենքների ժողովածու և կախված չլինի արտաքին միջամտության վտանգից: Դրան զուգահեռ նա կարևորում էր
մարդասիրությունը՝ կոչ անելով սիրո՝ ատելության փոխարեն:
Ի՞նչ է ստացվում.
Պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությամբ տառապող Վարուժան Ավետիսյանի առաջ փակված են բուժման մեկնելու բոլոր ճանապարհները, իսկ Հայաստանում դրա հնարավորությունը չկա:
Մի՞թե Հայոց արդարադատությունն անզոր է լուծում գտնելու այս պարզ խնդրին: Այնպիսի լուծում, որ հետո ստիպված չլինի զղջման խոսքեր փնտրել, ինչպես դա եղավ Արթուր Սարգսյանի պարագայում:
Հ. Գ.
Երբ Ալեքսանդր Մակեդոնացին Կորնթոսում հանդիպում է Դիոգենեսին և հարցնում է, թե ինչ կցանկանար իրենից, մեծ իմաստասերը խնդրում է նրան մի քիչ կողմ կանգնել, որ արևը չփակի:
Ոչ Դուք եք Մակեդոնացի, ոչ Վարուժանը՝ Դիոգենես, բայց փաստը մնում է փաստ, որ այդ արևը փակել եք ոչ միայն Վարուժան Ավետիսյանի, այլև նրա մոր ու զավակների առաջ:
Գթասիրտ եղեք:
Մարդասիրությու՛նն է Քրիստոնեության ամենագլխավոր առաքինությունը»: