Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ
Քաղաքական
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի,ինչպես նաև դիտորդ երկիր Հունգարիայի ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներն այցելել են Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաք՝ մասնակցելու Շուշիի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կազմակերպած համաժողովին։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Շուշիում ցանկացած միջոցառում անցկացնելով՝ Ադրբեջանն առնվազն երկու նպատակ է հետապնդում։ «Շուշիում որևէ միջոցառում անցկացնելով՝ Ադրբեջանն առաջին հերթին ցանկանում է ցույց տալ, որ տարբեր պետությունների ներկայացուցիչներ այցելելով Շուշի՝ այն ճանաչում են որպես ադրբեջանական տարածք , որը Հայաստանի «օկուպացիայից» հետո իրենք ազատագրել են։ Իսկ շատ պետություններ ուղղակի չեն էլ ծանոթանում պատմական հիմքին, որ այդ քաղաքը եղել է ԼՂԻՄ-ի կազմում, ու այն հայկական քաղաք է»,-ընդգծեց Դավթյանը։
Փորձագետի խոսքով՝ այսօր Բաքվի նպատակներից մեկն էլ այն է, որ տարբեր միջոցառումների միջոցով հնարավորինս բարձացնի իր միջազգային դերը՝ հետագայում «Մեծ Թուրան»-ի գծի մեջ ընկած պետությունների հետ ռազմական գործակցություն հաստատելու համար։ «Ներկայում Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ X ժամանակ հետո թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներից որևէ մեկը, օրինակ, մշակութային կենտրոն բացի Շուշիում, կամ թյուրաքական այլ կազմակերպություն սկսի աշխատել այնտեղ, ու դա ինքն օգտագործի ի շահ իրեն։ Փաստացի Շուշիում իրականացրած ցանկացած միջոցառման նպատակն այն է, որ եթե երբևէ Շուշիում ադրբեջանական դիրքերը թուլանան, աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվի, նա այնտեղ մենակ չմնա։ Օրինակ՝ թյուրքական աշխարհի իր գործընկերները թեկուզ և միայն հակահայկական հայտարարություններով աջակցեն իրեն»,- նշեց փորձագետը։
Անդրադառնալով բուն համաժողովին՝ Դավթյանն ընդգծեց, որ վաղուց էր հայտարարվել, որ Շուշիում նմանատիպ համաժողով է անցկացվելու. «Համաժողովն ինքին այնքան կարևոր միջոցառում չէ։ Սակայն չպետք է մոռանանք, որ Շուշիի ու, ընդհանարապես, ԼՂԻՄ տարածքի օկուպացիայի ժամանակ թուրքական հատուկ ջոկատայինները մեծ ներդրում են ունեցել։ Հիմա Ադրբեջանը կարծես թե փորձում է այդտեղ նաև թուրքական դերը մեծացնել՝ որպես երախտագիտություն։ Չնայած անընդհատ շեշտվում է ընդհանուր թյուրքական աշխարհի մասին, սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ այնտեղ հիմնական խաղացողը հենց Թուրքիան է, ու այդ շնորհակալությունն էլ նրան է ուղղված»։
Մելինե Պետրոսյան